Խաբեության ի՞նչ սխեմաներ են հաճախ օգտագործվում առցանց խանութներում

4 դեկտեմբերի, 2023  17:42

Չարագործները հաճախ են թիրախավորում առցանց խանութների հաճախորդներին: Խաբեության ամենատարածված սխեմաներն այսօր երկուսն են, որոնց միջոցով փորձում են գումար գողանալ առցանց խանութներից գնումներ կատարող օգտատերերից, ասում է DLBI տվյալների արտահոսքի հետախուզական ծառայության հիմնադիր Աշոտ Օգանեսյանը։

Նրա խոսքով՝ խաբեության ամենատարածված սխեման առաքման ձևաթղթերի կեղծումն է. խաբեբաները, որոնք ներկայանում են որպես վաճառողներ, դրանց հղումները սովորաբար տարածում են առցանց խանութների և ակնթարթային մեսենջերների չատերի միջոցով:

«Կեղծ կայքում ձևաթղթի մեջ քարտի տվյալները մուտքագրելը հանգեցնում է դրանից գումար հանելու փորձերի, իսկ սոցիալական ինժեներիայի մեթոդներով խարդախները փորձում են ստանալ նույնականացման SMS կոդերը»,- պարզաբանել է Օգանեսյանը։

Խարդախության երկրորդ տարածված սցենարը կապված է գումարների վերադարձի հետ: Վաճառողն ապրանքը վաճառքի է հանում շահավետ գնով, սակայն պատվերն ստանալուց հետո ապրանքը հանում է ցուցադրությունից և գնորդին առաջարկում է գումարի վերադարձի համար անցնել հղումով, որը տանում է փոխհատուցման կեղծ ձևաթղթին: Գնորդը լրացնում է այն և գումար կորցնում:

«Գնորդի դեմ այս դեպքում աշխատում է ցանկությունը՝ շտապ վերադարձնելու իր քարտից արդեն գանձված միջոցները և կատարելու երկրորդ գնումը, ինչպես նաև այն ակնկալիքը, որ ֆիշինգի էջում մուտքագրված քարտի տվյալները կարող են իրականում պահանջվել դրան գումար վերադարձնելու համար»,- նշել է Օգանեսյանը։

Նրա խոսքով՝ առաջին սխեման ավելի շատ տարածված է մասնավոր առցանց հայտարարություններով կայքերում, իսկ երկրորդը` մեծ առցանց խանութներում։

Նշենք, որ առաքման կեղծ սխեման այսօր բավականին ակտիվորեն կիրառվում է նաև Հայաստանում, սակայն առցանց ապրանք վաճառողների դեմ. խաբեբաները կապվում են նրանց հետ և ասում, որ ցանկանում են գնել ապրանքը, սակայն անհրաժեշտ կլինի ապրանքն առաքել այլ քաղաք։ Նրանք վաճառողին խնդրում են առաքման կեղծ ձևաթղթում մուտքագրել իր տվյալները, այդ թվում՝ քարտի, ինչն էլ իրականում օգնում է խաբեբաներին գումար գողանալ վաճառողի քարտից:

Ծուղակը չընկնելու համար Օգանեսյանը խորհուրդ է տալիս հիշել, որ առցանց խանութներում գումարային բոլոր գործարքներն իրականացվում են խանութի և գնորդի միջև, և գործարքները կառավարելու համար պետք է օգտագործել միայն անձնական օգտահաշիվը։ Նա նաև զգուշացնում է, որ վաճառողներից կամ այլ մարդկանցից ստացված ցանկացած հղում կարող է խարդախության նշան լինել, նույնիսկ եթե դրանք նման են առցանց խանութի հասցեին:


 
 
 
 
  • Արխիվ