Հավանաբար, շատերն են լսել «հակափխրուն» եզրույթը. այն ստեղծվել է Նասիմ Թալեբը իր «Հակափխրունություն. ինչպե՞ս շահույթ ստանալ քաոսից» գրքում: Ի՞նչ է «փխրունությունը» և «հակափխրունությունը»: Դեկտեմբերի 1-2-ը Հայաստանում կայացած «Գիտության և բիզնեսի օրեր 2023» համաժողովի ընթացքում Նասիմ Թալեբն առավել մանրամասն անդրադարձավ այս հասկացություններին (ֆոտոռեպորտաժ)։
Թալեբն իր հայեցակարգը բացատրեց ապակե բաժակի պարզ օրինակով․ այն փխրուն առարկա է բառի բոլոր իմաստով: Բաժակը հեշտությամբ կոտրվում է, երբ ընկնում է, կամ երբ հարված է ստանում կամ ազդեցության այլ միջոցների ենթարկվում, այն չի կարող ո՛չ հարմարվել այդ հարվածներին, ո՛չ էլ ավելի ամուր դառնալ դրանց շնորհիվ:
Փխրուն համակարգերը, ինչպես նշեց Թալեբն իր դասախոսության ժամանակ, չեն հանդուրժում այնպիսի երևույթներ, ինչպիսիք են անորոշությունը, փոփոխականությունը, պատահականությունը, քաոսը, անկարգությունը, սխալները, սթրեսորները, էնտրոպիան և նույնիսկ ժամանակը:
Հակափխրուն առարկաները, համակարգերը և երևույթները, ի տարբերություն բաժակի, կարող են հարմարվել և ուժեղանալ սթրեսի պայմաններում, օգուտ քաղել անկայունությունից և անկարգություններից և դառնալ ավելի տոկուն՝ դիմակայելու մարտահրավերներին: Այսպիսով, հակափխրունության հասկացությունը դուրս է գալիս սովորական «առաձգականության» շրջանակից. հակափխրունություն հասկացությունը նկարագրում է համակարգեր կամ երևույթներ, որոնք ոչ միայն չեն քայքայվում ցնցումների և անկայունության պատճառով, այլ իրականում զարգանում և բարելավվում են քաոսի, պատահականության և սթրեսի պայմաններում:
Ստացվում է, որ փխրունությունը մի հատկություն է, որում անկայունությունը, փոփոխականությունը, քաոսը վնաս են պատճառում, ոչնչացնում, իսկ հակափխրունությունն այս ամենից օգուտ քաղելու կարողությունն է։ Հակափխրուն համակարգերը, կազմակերպությունները կամ անհատները դառնում են ավելի ուժեղ և ավելի դիմացկուն, երբ փորձությունների, ցնցումներ են ենթարկվում, կամ երբ նրանց հետ պատահում են անսպասելի իրադարձություններ: Նրանք սովորում են, հարմարվում և զարգանում սթրեսային գործոնների ազդեցության տակ:
Թե՛ իր գրքում, թե՛ Երևանում ունեցած ելույթի ժամանակ Թալեբն իր հայեցակարգը լուսաբանելու համար բերեց տարբեր օրինակներ՝ ներառյալ կենսաբանական օրգանիզմները, տնտեսական համակարգերը և տեխնոլոգիաները:
«Գիտության և բիզնեսի օրեր 2023» համաժողովում նա խոսեց մի հետաքրքիր օրինակի մասին՝ սրտի կծկումների հաճախականության մասին։ Կայուն, գրեթե անփոփոխ սրտի զարկերը, նրա խոսքով, կարող են վկայել, որ մարդը շուտով կարող է մահանալ: Առողջ սրտի զարկերի ռիթմը, ասում է նա, անընդհատ փոխվում է՝ հարմարվելով շրջապատում կատարվողին` ֆիզիկական ակտիվությանը, օդի ջերմաստիճանին, հուզական վիճակին և այլն:
Իր գրքում Թալեբը նաև գրում է, որ մեղմ սթրեսային գործոնների ենթարկվելը, ինչպիսին է վարժությունների արդյունքում սրտի կծկումների ռիթմի տատանումները, կարող է համակարգը (այս դեպքում մարդու սիրտը) դարձնել ավելի ճկուն և հարմարվող:
Էվոլյուցիան ևս մեկ գործընթաց է, որն միանշանակ օգուտ է քաղում պատահականությունից, անորոշությունից և սթրեսային գործոններից: Եթե կենդանի էակները վերարտադրվեին անսեռ կերպով, նրանք չէին զարգանա և ավելի քիչ հարմարվող կլինեն, ինչը բացասաբար կանդրադառնար նրանց երկարաժամկետ գոյատևման հեռանկարների վրա:
Էվոլյուցիան որպես գործընթաց, ըստ Թալեբի, շահում է պատահականությունից, անորոշությունից և նույնիսկ սխալներից. պատահական մուտացիաները և գենետիկ բազմազանությունը կարող են հանգեցնել անհատական ձախողումների, բայց ընդհանուր առմամբ դրանք նպաստում են տեսակների ընդհանուր հարմարվողականությանը և գոյատևմանը: Հենց այս ամենի շնորհիվ է, որ կենդանի օրգանիզմներն էվոլյուցիայի գործընթացում դառնում են ավելի ուժեղ և դիմացկուն։
Թալեբը պնդում է, որ էվոլյուցիան հիմնված է ապակենտրոնացված մոտեցման վրա, որը հիմնված է փորձելու և սխալվելու մեթոդի վրա, որտեղ օրգանիզմներն ու տեսակները հարմարվում և կատարելագործվում են՝ փորձությունների ենթարկվելու միջոցով: Նա ընդգծում է էվոլյուցիայի ապակենտրոնացված բնույթի կարևորությունը, քանի որ շատ առանձին սուբյեկտներ (օրգանիզմներ) ինքնուրույն հարմարվում են իրենց միջավայրին:
Անորոշությանը և պատահականությանը հարմարվելու այս կարողությունը հակափխրուն համակարգերի հիմնական հատկանիշն է, քանի որ դրանք ոչ միայն դիմակայում են սթրեսին, այլև օգուտ են քաղում դրանից:
Իր աշխատության մեջ Թալեբը քննադատում է Չինաստանում վարվող՝ մեկ երեխայի քաղաքականությունը. այն նախատեսված էր բնակչության աճը վերահսկելու համար, սակայն երկիրը խոցելի էր դարձնում ժողովրդագրական խնդիրների և ծերացման խնդրի նկատմամբ:
Ժամանակակից բանկային համակարգը, ըստ Թալեբի, նույնպես փխրուն է. տնտեսական կայունության ժամանակաշրջաններում այն կայուն է թվում, բայց ֆինանսական ճգնաժամերի ժամանակ դառնում է շատ խոցելի: Այն օգնությունը, որն անհրաժեշտ է այս համակարգին տնտեսական անկումների ժամանակ, ընդգծում է դրա փխրունությունը:
month
week
day