Ջրակայուն AMOLED էկրան, ցածր գին, մեկ լիցքավորմամբ մինչև 14-օր դիմացող մարտկոց․ Huawei-ը խելացի նոր ժամացույց է ներկայացրել

3 նոյեմբերի, 2022  18:41

Huawei ընկերությունը ներկայացրել է Watch GT3 SE խելացի ժամացույցը, որն ունի մի շարք գրավիչ առանձնահատկություններ և էլ ավելի գրավիչ գին։

Ժամացույցը կշռում է ընդամենը 35,6 գրամ (առանց գոտու), իսկ պատյանի հաստությունը 11 մմ է։ Ժամացույցը կարող է աշխատել -20℃ – +45℃ ջերմաստիճանի պայմաններում։ Huawei նոր սարքն ունի կլոր գունավոր AMOLED էկրան՝ 1,43 դյույմ տրամագծով և 466 x 466 պիքսել լուծաչափով։ Էկրանը պաշտպանված է Corning Gorilla Glass թրծված ապակիով:

Ավելին, սարքը համապատասխանում է ջրակայունության ISO 22810:2010 ստանդարտին (ջրակայուն է մինչև 50 մ խորություն), այնպես որ այն կարելի է չհանել փոքր խորությունների դեպքում, օրինակ՝ լողավազաններում կամ ծովում ջրային սպորտով զբաղվելիս: Սակայն, ըստ արտադրողի, ժամացույցը խորհուրդ չի տրվում կրել դայվինգի կամ ջրային դահուկներ քշելու ժամանակ։

huawei-watch-gt-3-se

Ինչ վերաբերում է մարտկոցին և դրա ավտոնոմ աշխատանքին, էներգախնայողության ռեժիմում ժամացույցը կարող է աշխատել մինչև 14 օր, իսկ նորմալ ռեժիմում՝ մոտ 7 օր:

Huawei Watch GT3 SE-ն ունի նաև մարզման ավելի քան 100 ռեժիմ, TruSeen 5.0+ և TruSleep 3.0 տեխնոլոգիաներ: Այն կարող է նաև վերահսկել սրտի բաբախումների հաճախությունը և SpO2-ը, քունը, սթրեսը և դաշտանային ցիկլը:

Ժամացույցն ունի նաև GPS ընդունիչ։ Ներկառուցված SIM քարտ չկա, բայց եթե Bluetooth-ի միջոցով այն միացվի սմարթֆոնին, ապա հնարավոր կլինի նաև դրանով զանգեր կատարել։

Եվրոպայում ժամացույցը կարժենա 180 եվրո։ Այս գինն ավելի քան մրցունակ է նմանատիպ բնութագրերով այլ ժամացույցների համեմատ: Իսկ մինչ նոյեմբերի 17-ը դրանք պատվիրողներին խոստացել են նաև բոնուս՝ Huawei Scale 3 կշեռքի տեսքով։ 

huawei-watch-gt-3-se


 
 
 
 
  • Արխիվ