ԲՏ ընկերությունները ՀՀ-ում առաջատար դեր են խաղում, սակայն միշտ չէ, որ տնտեսությունը պատրաստ է օգտագործել առաջարկվող լուծումները

29 նոյեմբերի, 2023  15:22

Հաճախ կարելի է լսել կարծիք, թե բարձր տեխնոլոգիական (ԲՏ) ընկերությունները ոչինչ չեն անում Հայաստանի համար և աշխատում են հիմնականում այլ երկրների համար։ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը վստահ է, որ դա այդպես չէ։ «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով առաջին համաժողովի ժամանակ նա նշեց, թե միշտ չէ, որ տնտեսությունը պատրաստ է օգտագործել նման ընկերությունների առաջարկած լուծումները։

Նրա խոսքով՝ այսօր երկրում առկա բարձր տեխնոլոգիական համայնքի և ընկերությունների շնորհիվ է հնարավոր արտադրել որոշակի տեսակի զինատեսակներ և դրանք մատակարարել բանակին։ Առանց այդ ընկերությունների երկրում պարզապես ռազմական արդյունաբերություն չէր լինի, իսկ զենքի որոշ տեսակներ մեզ համար անհասանելի կլինեին, քանի որ չէինք կարող դրանք գնել, բայց այսօր դրանք այստեղ են արտադրվում։

Բացի դրանից, սուպերմարկետների ճնշող մեծամասնությունն այսօր օգտագործում է Հայաստանում մշակված լուծումներ՝ ինչպես պահեստների կառավարման, այնպես էլ բազմաթիվ տարբեր գործընթացների ավտոմատացման համար:

Բարձր տեխնոլոգիական ընկերությունները մի շարք օգտակար լուծումներ են առաջարկում նաև գյուղատնտեսության ոլորտում, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերը, որոնք կարող են գյուղատնտեսական մի շարք աշխատանքներ ավելի արագ և էժան դարձնել:

Այլ հարց է, ըստ Արշակյանի, որ մեր տնտեսությունը հաճախ պատրաստ չէ ընդունել և օգտագործել բարձր տեխնոլոգիական լուծումները։

«Ես հաճախ եմ բերում այս օրինակը. եթե մարդը գալիս է էլեկտրոնիկայի խանութ, բայց չգիտի, թե ինչ է իրեն պետք, ամենայն հավանականությամբ, ինչ-որ սխալ բան կընտրի: Կամ նա ընդհանրապես ոչինչ չի ընտրի՝ ասելով, որ իրեն այդ ամենը պետք չէ, թեև այդ ապրանքները կարող են փոխել իր կյանքի որակը։ Օրինակ՝ սմարթֆոնը, ավտոմեքենան կամ այլ սարքեր, որոնք ամբողջությամբ փոխում են մարդու կենցաղը»,- նշել է նա։

Արշակյանի խոսքով՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը հսկայական հնարավորություններ ունի և կարող է դրանք օգտագործել տնտեսության տարբեր ոլորտներում։ Ավելին, այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Picsart-ը, Krisp-ը, Synopsis Armenia-ն և այլն, օգնում են երկրի իմիջի կերտմանը և ճանաչելի դարձնում այն արտերկրում, ինչը նույնպես շատ կարևոր է։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ