Android-ի Chrome դիտարկչի նոր տարբերակները չեն աշխատի միլիոնավոր սմարթֆոնների վրա

28 նոյեմբերի, 2023  17:12

Android-ի հին տարբերակներում Chrome դիտարկչի աջակցության ժամկետը մոտենում է ավարտին: Դիտարկչի հետագա թողարկումները չեն աշխատի միլիոնավոր սարքերի վրա, այս մասին տեղեկացնում է Google-ը իր աջակցության ծառայության կայքում:

2024-ի սկզբից հանրահայտ Chrome դիտարկչի նոր տարբերակներից օգտվելու համար հարկավոր կլինի նախապես տեղադրված Android 8 կամ ավելի բարձր օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոն կամ պլանշետ։ Դա նշանակում է, որ Android 7 և ավելի ցածր օպերացիոն համակարգով աշխատող միլիոնավոր սարքեր չեն կարողանա ստանալ Chrome-ի թարմացված և անվտանգ տարբերակները:

Նոյեմբերի վերջի դրությամբ դիտարկչի ներկայիս տարբերակը, որն աջակցում է Android 7-ը, Chrome 119-ն է: Ընկերությունը զգուշացնում է օգտատերերին իրենց սարքերը Android 8 և ավելի բարձր տարբերակներով թարմացնելու անհրաժեշտության մասին: Հակառակ դեպքում, նրանք չեն կարող ներբեռնել հաջորդ տարի թողարկվելիք Chrome 120 թողարկումը:

Ներկա պահին Android-ի ամենատարածված տարբերակը 11-ն է, իսկ ներկայիս տարբերակը Android 14-ն է: Այնուամենայնիվ, շատ օգտատերեր շարունակում են օգտագործել հնացած սմարթֆոններ, որոնք չեն ստանում նոր գործառույթներ, հնարավորություններ և շտկումներ առաջացող անվտանգության սողանցքերից պաշտպանվելու համար:

Այնուամենայնիվ, այն օգտվողները, որոնք չեն կարող իրենց թույլ տալ նոր սարք գնել, կարող են այլընտրանքային դիտարկիչներ ներբեռնել այլ մշակողներից:


 
 
 
 
  • Արխիվ