iOS 17.1.1-ում սխալ է հայտնաբերվել, որը կարող է կաթվածահար անել iPhone-ի աշխատանքը

27 նոյեմբերի, 2023  18:11

Apple-ը թողարկել է նոր թարմացում՝ iOS 17.1.1, բայց, ցավոք, այն զերծ չէ թերություններից։ Ինչպես հայտնում է WCCFtech կայքը, նոր թարմացումը լուրջ անսարքություններ է առաջացնում տարբեր մոդելների iPhone-ների աշխատանքում։

Օգտատերերը հայտնել են, որ սխալը տեղի է ունենում հավելվածների գրադարանում որոնումը բացելիս և մատն էկրանի վրա սեղմած պահելու միջոցով հավելվածից դուրս գալու ժամանակ: Նույն բաժին վերադառնալուց հետո սմարթֆոնն ամբողջությամբ դադարում է արձագանքել ցանկացած գործողության՝ ներառյալ էկրանին հպվելիս և կոճակները սեղմելիս։ Սա iPhone-ը գործնականում անօգտագործելի է դարձնում, քանի որ անհնար է ապակողպել սարքը, անջատել այն կամ կատարել այլ գործողություններ:

Խնդիրն ազդում է iPhone-ի տարբեր մոդելների վրա, ներառյալ վերջին iPhone 15-ը: Սարքը կրկին աշխատեցնելու միակ միջոցն այս պահին հարկադիր վերագործարկումն է, որն արվում է Power կոճակը սեղմած պահելու և ձայնի կոճակն անընդհատ սեղմելու միջոցով։

Առայժմ Apple-ը դեռ չի արձագանքել այս խնդրին և չի հայտարարել այս սխալը շտկելու համար թարմացում թողարկելու որևէ ծրագրի մասին: Օգտատերերին, որոնք դեռ չեն տեղադրել iOS 17.1.1-ը, խորհուրդ է տրվում հետաձգել թարմացումը մինչև ընկերությունից պարզաբանումներ կստացվեն։


 
 
 
 
  • Արխիվ