Google-ը կդադարեցնի Calendar հավելվածի աջակցությունը հին ՕՀ-երով աշխատող սարքերում

27 նոյեմբերի, 2023  10:31

Google Calendar-ն այլևս չի աշխատի Android 7.1 (Nougat) և ավելի հին օպերացիոն համակարգով աշխատող սարքերում: Հավելվածի վերջին տարբերակում հայտնվել է նոր տող՝ UnsupportedOperatingSystem__enabled: Այն պարունակում է հաղորդագրություն այն մասին, որ հավելվածն օգտագործելու համար օգտատերերը պետք է թարմացնեն իրենց օպերացիոն համակարգը Android 8-ի (Oreo) կամ ավելի թարմ տարբերակի:

Փոփոխությունն առաջինը նկատել են TheSpAndroid բլոգի հեղինակները։ Ավելի ուշ, apkmirror կայքում հայտնվել է դրա մասին անուղղակի հաստատում։ Մասնավորապես կայքը հրապարակել է Google Calendar 2023.46.0-581792699-release նոր տարբերակը՝ նշելով, որ Android Oreo (8.0) ամենահին տարբերակն է, որն ունի այս ծառայության աջակցությունը։

«Միանգամայն հնարավոր է, որ Google-ն այս մասին որոշ տեղեկություններ կհրապարակի առաջիկա շաբաթների ընթացքում: Առայժմ սա ընդամենը ենթադրություն է։ Երբ որոշեցի փորձարկել փոփոխությունները, հավելվածը գործարկելուց անմիջապես հետո հայտնվեց աջակցություն չստացող ՕՀ-ի մասին հաղորդագրությունը, և ես չկարողացա փակել այն, այն նաև թույլ չտվեց մտնել հավելվածի հիմնական էկրան»,- գրել TheSpAndroid-ը։

Google-ն աստիճանաբար դադարեցնում է Android-ի ավելի հին տարբերակների աջակցությունը ավելի շատ հավելվածների համար՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Ընկերությունը նշում է, որ Android-ի հին տարբերակները խոցելի են հաքերների հարձակումների համար, բացի դրանից՝ օգտատերերը կարող են կորցնել իրենց տվյալները։ Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Google Chrome-ի աջակցությունը Android Nougat-ի համար կդադարեցվի՝ սկսած 120-րդ տարբերակից, որը կթողարկվի դեկտեմբերին։


 
 
 
 
  • Արխիվ