ԲՏԱ նախարարությունը խոստացել է՝ 2024-ի առաջին կիսամյակից YouTube-ի մոնետիզացիայի համակարգը կսկսի գործել. Փաշինյան

24 նոյեմբերի, 2023  22:22

Իրապես շատ կարեւոր եմ համարում Հայաստանում YouTubeի մոնետիզացիան միացնելը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մեզ խոստանում է, որ 2024-ի առաջին կիսամյակից այդ համակարգը կսկսի գործել, եւ հույս ունեմ, որ այդպես էլ կլինի: 

Ես շատ կարեւոր եմ համարում այս հարցը, այդ թվում մտավոր եւ ստեղծագործական աշխատանքը Հայաստանում խթանելու համար, որովհետեւ այդ թվում բազմաթիվ երիտասարդներ, մեծահասակներ, կայանք, տղամարդիկ, կարող են դրանով զբաղվել: Իմ կարծիքով դա ստեղծագործականություն է եւ միտքը կխթանի: 

Ես ուզում եմ, որ Հայաստանում դասերը, դասախոսությունները յութուբյան հարթակներում ավելի ու ավելի շատ լինեն, որովհետեւ դա կարեւոր է կրթական ցենզը հանրության շրջանում բարձրացնելու եւ նաեւ մտքի ոլորտի մեր դասախոսների, գիտնականների համար եկամտի լրացուցիչ աղբյուրներ ձեւավորելու համար»,-ասաց  նա:

Վարչապետը խոստովանեց, որ ինքը նախասիրություն ունի յութուբում դասախոսություններ լսել, ամենատարբեր ոլորտների վերաբերյալ. «Դասախոսություններ կան, որ տասնյակ միլիոններով դիտումներ ունեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:


 
 
 
 
  • Արխիվ