Omate-ը ցուցադրել է Ice Ring խելացի մատանին․ այն կհետևի առողջությանն ու խորհուրդներ կտա

23 նոյեմբերի, 2023  20:07

Omate ընկերությունը ցուցադրել է Ice Ring անունով խելացի մատանի։ Այն պատրաստված է տիտանից, թեթև և ոճային մատանի է, որը կարող է չափել օգտատիրոջ առողջության և ֆիզիկական ակտիվության տարբեր ցուցանիշներ, հայտնում է GSMArena կայքը։

Ice Ring-ը հագեցած է սենսորներով, որոնք թույլ են տալիս հետևել սրտի զարկերի հաճախականությանը, սթրեսի մակարդակին, արյան թթվածնով հագեցվածության աստիճանին և քնի որակին: Սարքը վերլուծում է տվյալները և օգտատիրոջը տրամադրում օգտակար խորհուրդներ և առաջարկություններ՝ բարելավելու առողջությունն ու ինքնազգացողությունը:

Բացի դրանից, Ice Ring-ն ունի մի շարք սպորտաձևերի աջակցություն, այդ թվում՝ GPS-ի կիրառման միջոցով։

Ice Ring-ն ունի ջրից և փոշուց պաշտպանություն՝ ըստ IP68 ստանդարտի, ուստի այն կարելի է կրել ցանկացած միջավայրում:

Քսան մԱ/ժ հզորությամբ մարտկոցի լիցքավորումը բավարար է 4-6 օրվա աշխատանքի համար, իսկ մարտկոցը լիցքավորելու համար բավական է 30 րոպե։ Ընկերությունը նաև նշում է, որ խելացի մատանին ունի 1 ՄԲ ներկառուցված հիշողություն և Bluetooth 5.1:

Մատանին հասանելի է երեք գույնով՝ սև, արծաթագույն և ոսկեգույն։ Omate Ice Ring-ը վաճառքում կհայտնվի 2024-ի սկզբին, գինը՝ 199 եվրո։


 
 
 
 
  • Արխիվ