Ի՞նչ ռիսկեր է պարունակում համացանցում «էրոտիկ» գովազդը

15 նոյեմբերի, 2023  22:21

Կիբեռհանցագործները կարող են էրոտիկ ենթատեքստով առցանց գովազդներն օգտագործել տարբեր չարամիտ ծրագրեր տարածելու և մարդկանցից գումար գողանալու համար: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում անելով տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետներին։

Հաքերները շատ ակտիվ օգտագործում են էրոտիկայի տարրեր պարունակող գովազդային տարբեր ձևաչափեր (դրանք կարող են լինել ինտիմ ծառայությունների գովազդ, անօրինական այլասերվածություններ, սեքս-խաղալիքներ կամ պարզապես պոռնոգրաֆիկ նյութերի հղումներ): Նրանց նպատակն է ստիպել օգտվողներին սեղմել հղման վրա: Ամենայն հավանականությամբ, օգտատերը հայտնվում է ինչ-որ կայքէջում, որտեղ նրան կխնդրեն մուտքագրել իր բանկային քարտի տվյալները կամ անձնական այլ տվյալներ։ Բնականաբար, նման տվյալների փոխանցումը հաքերներին կարող է հանգեցնել ֆինանսական միջոցների կամ կարևոր գաղտնի տվյալների կորստի, ինչը կարող է նաև հետագայում հանգեցնել ձեր քարտերից գումարի հափշտակման:

Բացի դրանից, կասկածելի հղումների վրա սեղմելու արդյունքում օգտատերը կարող է ակտիվացնել վնասակար ծրագրի ներբեռնումը իր սարքերում, և այդ ծրագրերը գաղտնի տվյալներ կփոխանցեն հարձակվողներին՝ առանց օգտատիրոջ իմացության:

«Օրինակ՝ օգտատիրոջը կարող է առաջարկվել գնել ծառայության բաժանորդագրություն կամ օգտվել որոշ բացառիկ նյութերից՝ շատ չնչին վճարով: Այնուհետև պոտենցիալ զոհին կտեղափոխեն բանկային քարտի տվյալները մուտքագրելու էջ, որը նման կլինի բանկի կամ վճարային ծառայության կայքին, բայց իրականում այն այդպիսի կայք չէ»,- բացատրել է Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի ձեռներեցության զարգացման և պետական ​​աջակցության թվային աուդիտի բաժնի տնօրեն Յուրի Ուրսուն:

Ըստ մասնագետների՝ համացանցում նման խարդախությունների զոհ ամենից հաճախ դառնում են տղամարդիկ։

Գումարներ և գաղտնի տվյալներ կորցնելուց խուսափելու համար խորհուրդ է տրվում սեղմել կասկածելի հղումների վրա և ոչ մի դեպքում չմուտքագրել բանկային քարտի կամ այլ տվյալներ անհայտ կայքերում: Նախքան այդպիսի տեղեկությունները մուտքագրելը խորհուրդ է տրվում համոզվել, որ գտնվում եք վստահություն վայելող կայքում:


 
 
 
 
  • Արխիվ