Անցի՛ր հղումով և շահի՛ր սմարթֆոն․ ինչպե՞ս են խարդախները գայթակղում, խաբում մարդկանց և գողանում նրանց գումարները

8 նոյեմբերի, 2023  23:04

«Կասպերսկի լաբորատորիա»-ի փորձագետները տեղեկացնում են, որ գրանցել են խարդախ նամակների քանակի աճ, որոնք ուղարկվում են ռուսալեզու օգտատերերին և նպատակ ունեն խաբել նրանց և գողանալ նրանց ֆինանսական միջոցներն ու ֆինանսական տվյալները:

Նախ՝ պոտենցիալ զոհին առաջարկում են նվեր ստանալ, իսկ ավելի ուշ՝ մասնակցել շահումով վիճակախաղի։ Ըստ լաբորատորիայի՝ փոստային խարդախության այս մեթոդի կիրառումն սկսվել է այս տարվա սեպտեմբերին և իր ամենաթեժ կետին է հասել ամսվա վերջին:

Առաջին փուլում օգտատերն էլեկտրոնային փոստով ստանում է հաղորդագրություն, որում նրան առաջարկվում է նվեր ստանալ, ինչի համար անհրաժեշտ է անցնել նամակում նշված հղումով։ Խարդախներն ինստրուկցիաներում նշում են, որ նվերն անհրաժեշտ է վերցնել 48 ժամվա ընթացքում, հակառակ դեպքում անվճար պահպանման ժամկետը կլրանա և առաջարկում են մասնակցել վիճակախաղի՝ վստահեցնելով, որ անպայման կշահեն։

Դրանից հետո օգտատիրոջն ուղղորդում են դեպի խարդախ այլ ռեսուրս: Փորձագետները նշում են, որ նման ռեսուրսների թեմաները կարող են տարբեր լինել, օրինակ՝ դա կարող է լինել կարճ հարցում կամ սմարթֆոնի խաղարկություն և այլն։

Նվեր ստանալու համար անհրաժեշտ է սեղմել էջում ցուցադրված տուփերից մեկի վրա։ Այնուհետև հայտնվում է հաղորդագրություն, որը տեղեկացնում է, որ քաղաքացին դրամական մրցանակ է շահել։ Խոսքը 3000 ԱՄՆ դոլարի մասին է։ Այնուամենայնիվ, այդ գումարն անհնար է ստանալ, քանի որ օգտատերը էկրանին տեսնում է ծանուցում, որ գործարքը տեղի չի ունեցել ինչ-որ սխալի պատճառով. «Գործառնությունը հնարավոր չէ կատարել, քանի որ ստացողի բանկը չի կարողանում գումարն ստանալ ԱՄՆ դոլարով»:

Եվ հորինված խնդիրը լուծելու համար խարդախներն առաջարկում են դոլարը ռուբլու վերածել անմիջապես կայքում և նշում են, թե դա անելու համար անհրաժեշտ է վճարել ընդամենը 500 ռուբլի միջնորդավճար՝ վստահեցնելով, որ այն կվերադարձվի 24 ժամվա ընթացքում:

Եթե ​​օգտատերը համաձայնում է փոխանակմանը, ապա խարդախները նրան ուղղորդում են ֆիշինգային ռեսուրս, որը քողարկվում է որպես վճարային ծառայության էջ: Այն առաջարկում է մուտքագրել բանկային քարտի տվյալները, ինչպես նաև էլփոստի հասցեն՝ իբր ստացման կտրոնն ուղարկելու համար: Արդյունքում տվյալ անձը ոչ մի շահում չի ստանում, այլ հակառակը՝ խարդախները գողանում են նրա գումարն ու ֆինանսական տեղեկությունները։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ