Google-ը շտկել է Android 14-ի սխալը, սակայն որոշ օգտատերերի սմարթֆոնների տվյալները կարող են կորչել

8 նոյեմբերի, 2023  10:32

Նոյեմբերի սկզբին Google-ը թողարկեց Android 14 օպերացիոն համակարգի համար նախատեսված անվտանգության շտկում՝ նպատակ ունենալով վերացնել տվյալների պահպանության համակարգի հետ կապված սխալը: Այդ խնդրի պատճառով, որը վերաբերում է Pixel շարքի սմարթֆոններին, արգելափակվում էր դրանց նկատմամբ հասանելիությունը: Ընկերության թողարկած շտկումը խոստանում է կարգավորել իրավիճակը, սակայն որոշ սարքերի դեպքում, որոնք հայտնվել են վերագործարկման ցիկլում (երբ սարքն անընդհատ վերագործարկվում է), տվյալները կարող են ընդմիշտ կորչել:

Այս սխալը լուրջ խնդիրների պատճառ է դարձել. մի քանի օգտահաշիվներ ունեցող օգտատերերը դրա հետևանքով բախվեցին հասանելիության արգելափակման և սարքերի անվերջ վերագործարկման խնդրին: Խոսքը հատկապես վերաբերում է Pixel մոդելներին, ներառյալ Pixel 6, 6a, 6 Pro, 7, 7 Pro, 7a, Tablet, Fold, Pixel 8 և Pixel 8 Pro մոդելները: Կարևոր է նշել, որ նոր թարմացումը չի երաշխավորում տվյալների վերականգնում սարքերի համար, որոնք արդեն գտնվում են այսպես կոչված վերագործարկման ցիկլում:

Խնդիրն առաջին անգամ նկատվել է հոկտեմբերի 4-ի թարմացման թողարկումից անմիջապես հետո: Պարզվեց, որ որոշ սմարթֆոններ ամբողջովին անգործունակ են, նույնիսկ նորմալ չէին միանում։ Որոշ սմարթֆոններ էլ միանում էին, սակայն հասանելիություն չունեին իրենց տվյալներին, ինչը մի շարք խնդիրներ առաջացրեց: Ժամանակավոր լուծումը՝ սմարթֆոնը բերել գործարանային վիճակի, շատ օգտատերերի համար գոհացուցիչ չէր, քանի որ դրա հետևանքով կարող էին կորցնել սարքում առկա կարևոր տեղեկությունները։

Google-ը, որը սովորաբար թարմացումները թողարկում է փուլերով, այս անգամ չկարողացավ արագ արձագանքել խնդրի մասին առաջին հաղորդումներին, ինչը հանգեցրեց դրա լայն տարածմանը։ Android-ի համակարգային երկակի բաժանումները (system partitions), որոնք նախատեսված են թարմացումից հետո խափանումների դեպքում սարքի ֆունկցիոնալությունը վերականգնելու համար, չկարողացան հաղթահարել խնդիրը սխալների հայտնաբերման համակարգի անբավարար ճշգրտության պատճառով:

Նույնիսկ Google Play համակարգի թարմացումների միջոցով թողարկված շտկումը չլուծեց խնդիրը, քանի որ դրա կիրառումը պահանջում էր սարքի վերագործարկում: Նաև պարզվեց, որ Android-ի տվյալների կրկնօրինակման համակարգն այս պարագայում նույնպես անարդյունավետ է, քանի որ ոչ բոլոր հավելվածներն ունեն այս գործառույթի աջակցությունը, ինչի հետևանքով շատ օգտատերեր հնարավորություն չունեն վերականգնել իրենց տվյալները։


 
 
 
 
  • Արխիվ