Apple-ն ավելացրել է նոութբուքների և PC-ների USB-C-ում խոնավությունը հայտնաբերելու հնարավորություն

6 նոյեմբերի, 2023  15:48

Apple-ը ներկայացրել է macOS Sonoma 14.1 թարմացումը, որի շնորհիվ MacBook և iMac որոշ մոդելներ այժմ կարող են հայտնաբերել հեղուկի առկայությունը USB-C միակցիչներում։ Այս մասին հայտնում է 9to5Mac։

Նոր macOS մոդուլը, որը կոչվում է liquiddetection, ապահովում է հեղուկի և կոռոզիայի հայտնաբերումը բոլոր USB-C միակցիչներում: Մոդուլը սարքի ներսի բաղադրիչ է, որը խոնավության ազդեցության տակ դառնում է կարմիր և անհրաժեշտ տեղեկություն փոխանցում օպերացիոն համակարգին:

Ըստ 9to5Mac-ի՝ գործառույթը հիմնականում նախատեսված է Apple-ի աշխատակիցների համար, որպեսզի տեխնիկական մասնագետները կարողանան արագ որոշել՝ արդյոք սարքը ենթարկվել է խոնավության ազդեցության: Սա հուշում է, որ Apple-ը կարող է չկապակցել նոր մոդուլը ծանուցման համակարգի հետ:

Նմանատիպ գործառույթ արդեն առկա է iOS-ում։ Ի տարբերություն համակարգիչների, iPhone-ն ու iPad-ն արդեն ունեն նախազգուշացման մեխանիզմ․ եթե միակցիչում հեղուկ է հայտնաբերվում, iOS-ը խորհուրդ է տալիս անհապաղ անջատել սարքը հոսանքից՝ լուրջ վնասներից խուսափելու համար:

9to5Mac-ը նաև նշում է, որ դեռ պարզ չէ, թե iMac-ի և MacBook-ի որ մոդելներն ունեն այդ սենսորները: Լրագրողները ենթադրում են, որ դրանք կստանան միայն M3 սերիայի պրոցեսորներ ունեցող նոր սարքերը։


 
 
 
 
  • Արխիվ