MacRumors-ը հրապարակել է Apple M3 Max պրոցեսոր ունեցող 16 դյույմանոց MacBook Pro-ի՝ Geekbench 6-ի անցկացրած թեստավորման առաջին արդյունքները: Աղբյուրից ստացված տեղեկությունների համաձայն՝ Apple M3 Max-ը, որը կառուցված է 3 նմ տեխպրոցեսի տեխնոլոգիայի հիմա վրա և ունի 16 հաշվողական և 40 գրաֆիկական միջուկ, բազմամիջուկ ռեժիմում հավաքել է 21,084 միավոր և փաստացի զիջում է M2 Ultra-ին:
M2 Ultra պրոցեսորը, ի դեպ, շարունակում է մնալ ընկերության ամենահզոր չիպը․ թեստավորման ժամանակ Mac Pro-ն և Mac Studio-ն, որոնք երկուսն էլ աշխատում են M2 Ultra պրոցեսորով, հավաքել են համապատասխանաբար 21,182 և 21,316 միավոր։
Հետևաբար, կատարողականի առումով Apple M3 Max-ը երկրորդ տեղն է զբաղեցնում Apple-ի պրոցեսորների վարկանիշում: Geekbench 6-ի բազմամիջուկ թեստում M2 Max-ը երրորդ տեղում է՝ հավաքելով 14,495 միավոր: Apple-ը նշում է, որ M3 Max-ը գերազանցում է M2 Max-ին 45%-ով, ինչը համապատասխանում է Geekbench 6-ի տվյալներին:
Apple-ի մյուս չիպերը, ինչպիսիք են M1 Max-ը և M3-ը, հավաքել են համապատասխանաբար 12,185 և 11,836 միավոր:
Նշենք, որ MacBook Pro-ի նոր մոդելներն արդեն հասանելի են նախնական պատվերի համար, իսկ կոնֆիգուրացիաների մեծ մասը մանրածախ վաճառքում հասանելի կլինի նոյեմբերի 7-ից: Սակայն M3 Max պրոցեսորով մոդելի վաճառքը կսկսվի ավելի ուշ։
Հիշեցնենք, որ վերջերս Apple-ը ներկայացրել է Mac համակարգիչների մի քանի նոր մոդելներ, այդ թվում՝ MacBook Pro նոութբուքներ, որոնք աշխատում են 3 նմ M3 սերիայի պրոցեսորներով, ինչպես նաև iMac մոնոբլոկ, որը նույնպես ստացել է նույն շարքի պրոցեսոր։
Թե ինչ են իրենցից ներկայացնում Apple-ի նոր չիպերը, կարդացեք NEWS.am Tech-ի նյութում։
ամիս
շաբաթ
օր