Հրապարակվել են նոր Apple M3 Max չիպի կատարողականի վերաբերյալ առաջին արդյունքները․ այն զիջում է M2 Ultra-ին

3 նոյեմբերի, 2023  14:22

MacRumors-ը հրապարակել է Apple M3 Max պրոցեսոր ունեցող 16 դյույմանոց MacBook Pro-ի՝ Geekbench 6-ի անցկացրած թեստավորման առաջին արդյունքները: Աղբյուրից ստացված տեղեկությունների համաձայն՝ Apple M3 Max-ը, որը կառուցված է 3 նմ տեխպրոցեսի տեխնոլոգիայի հիմա վրա և ունի 16 հաշվողական և 40 գրաֆիկական միջուկ, բազմամիջուկ ռեժիմում հավաքել է 21,084 միավոր և փաստացի զիջում է M2 Ultra-ին:

M2 Ultra պրոցեսորը, ի դեպ, շարունակում է մնալ ընկերության ամենահզոր չիպը․ թեստավորման ժամանակ Mac Pro-ն և Mac Studio-ն, որոնք երկուսն էլ աշխատում են M2 Ultra պրոցեսորով, հավաքել են համապատասխանաբար 21,182 և 21,316 միավոր։

Հետևաբար, կատարողականի առումով Apple M3 Max-ը երկրորդ տեղն է զբաղեցնում Apple-ի պրոցեսորների վարկանիշում: Geekbench 6-ի բազմամիջուկ թեստում M2 Max-ը երրորդ տեղում է՝ հավաքելով 14,495 միավոր: Apple-ը նշում է, որ M3 Max-ը գերազանցում է M2 Max-ին 45%-ով, ինչը համապատասխանում է Geekbench 6-ի տվյալներին:

Apple-ի մյուս չիպերը, ինչպիսիք են M1 Max-ը և M3-ը, հավաքել են համապատասխանաբար 12,185 և 11,836 միավոր:

Նշենք, որ MacBook Pro-ի նոր մոդելներն արդեն հասանելի են նախնական պատվերի համար, իսկ  կոնֆիգուրացիաների մեծ մասը մանրածախ վաճառքում հասանելի կլինի նոյեմբերի 7-ից: Սակայն M3 Max պրոցեսորով մոդելի վաճառքը կսկսվի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ վերջերս Apple-ը ներկայացրել է Mac համակարգիչների մի քանի նոր մոդելներ, այդ թվում՝ MacBook Pro նոութբուքներ, որոնք աշխատում են 3 նմ M3 սերիայի պրոցեսորներով, ինչպես նաև iMac մոնոբլոկ, որը նույնպես ստացել է նույն շարքի պրոցեսոր։

Թե ինչ են իրենցից ներկայացնում Apple-ի նոր չիպերը, կարդացեք NEWS.am Tech-ի նյութում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ