Chrome-ը կունենա IP հասցեն թաքցնելու գործառույթ, ինչը կդժվարացնի օգտատերերին հետևելը

24 հոկտեմբերի, 2023  12:26

Google-ը նախատեսում է Chrome բրաուզերում ավելացնել IP Protection գործառույթը, որը պետք է զգալիորեն բարելավի օգտատերերի անվտանգությունն ու գաղտնիությունը։ Նոր գործիքը կուղղորդի թրաֆիկը Google-ի պրոքսի սերվերների միջոցով՝ շատ ավելի դժվարացնելով համացանցում օգտատերերի գործողություններին հետևելը: Ինչպես տեղեկացնում է Tomsguide.com-ը, հետագայում Google-ը դիտարկում է հաջորդաբար երկու պրոքսի սերվեր օգտագործելու հնարավորությունը, ինչը կարող է էլ ավելի բարելավել օգտատերերի գաղտնիությունը:

IP հասցեն եզակի նույնացուցիչ է, որը կարող է օգտագործվել օգտատիրոջ առցանց գործունեությանը հետևելու համար: Մարքեթինգային ընկերությունները և գովազդային բրոքերներն օգտագործում են այս տվյալները օգտվողի պրոֆիլ ստեղծելու նպատակով, որպեսզի այն օգտագործեն գովազդի հետագա թիրախավորման համար: Google-ի IP Protection  գործառույթը նախատեսված է օգտատերերի գործողություններին հետևելու դեմ պայքարելու համար: Ընկերությունը նախատեսում է աստիճանաբար տարածել IP Protection-ը սահմանափակ թվով կայքերում՝ վերլուծելու պաշտպանության արդյունավետությունը, սակայն փորձարկման ժամկետները դեռևս չեն հայտարարվել:

Google-ն զգուշացրել է, որ IP-ի Protection-ը երաշխավորված գաղտնիություն չի ապահովի բոլոր իրավիճակներում: Օրինակ, եթե Google-ի պրոքսի սերվերներից մեկը կոտրել են, ապա հարձակվողը կարող է հասանելիություն ստանալ այդ սերվերով անցնող թրաֆիկին և այն օգտագործել իր նպատակների համար: Երկու պրոքսի սերվերների միջոցով թրաֆիկի երթուղավորումը կարող է բարելավել անվտանգությունը, քանի որ դրանցից ոչ մեկը միաժամանակ չի իմանա օգտագործողի IP հասցեն և նպատակակետ URL-ը։ Սակայն այս լուծման հուսալիությունը, ըստ աղբյուրի, բավականին կասկածելի է:

Բացի դրանից, հարձակվողը կարող է օգտագործել Google-ի պրոքսի սերվերները՝ քողարկելու համար DDOS հարձակումը կամ այլ խարդախ գործողությունների իրականացումը։ Նման իրավիճակում Google-ը կարող է պահանջել օգտատիրոջ համընդհանուր նույնականացում, որն ինքնին կլինի գաղտնիության խախտում:

Աղբյուրը հիշեցնում է, որ Google-ի բիզնես մոդելի մեծ մասը հիմնված է օգտատերերի գործողություններին հետևելու և գովազդի թիրախավորման վրա։ Նոր գործառույթը կարող է դժվարացնել երրորդ կողմի ընկերությունների աշխատանքը և դրանով իսկ Google-ին մրցակցային առավելություն տալ: Հենց սա է պատճառը, որ շատ օգտատերեր, ամենայն հավանականությամբ, թերահավատորեն են վերաբերվում IP Protection-ը գործարկելու ընկերության ծրագրերին:


 
 
 
 
  • Արխիվ