Apple-ն արդեն կարող է թարմացնել նույնիսկ տուփում գտնվող և դեռ չակտիվացված նոր iPhone-ների iOS-ը՝ առանց դրանց դիպչելու

17 հոկտեմբերի, 2023  13:14

Apple-ը նոր սարք է ստեղծել, որի միջոցով կարող է թարմացնել iPhone-ի ծրագրակազմը՝ նույնիսկ եթե սմարթֆոնը դեռ չի ակտիվացվել և դեռ գտնվում է գործարանային փաթեթավորման վիճակում, այս մասին հայտնում է MyDrivers կայքը։

Աղբյուրի տվյալներով՝ Apple-ը ներկայումս փորձարկում է սարք, որն իրենից ներկայացնում է պլանշետ և թույլ է տալիս տեղադրել iOS-ի վերջին տարբերակը iPhone-ում՝ առանց տուփը բացելու և սմարթֆոնը ձեռքով միացնելու։

Ընկերությունը նախատեսում է նոր համակարգը գործարկել մանրածախ խանութներում մինչև այս տարվա վերջ։ Սա նոր iPhone-ների գնորդներին հնարավորություն կտա սմարթֆոնները ձեռք բերել տեղադրված iOS-ի ընթացիկ տարբերակով, որը կշտկի ծրագրակազմի գործարանային տարբերակում առկա բոլոր սխալներն ու խոցելիությունները:

Սակայն, սա նաև որոշ օգտատերերի կզրկի իրենց հավանած օպերացիոն համակարգի տարբերակն ընտրելու հնարավորությունից, քանի որ օգտատերերը հաճախ չեն ցանկանում թարմացնել iOS-ի վերջին թարմացումները, որպեսզի խուսափեն նոր խնդիրներից, որոնք շատ հաճախ լինում են ծրագրակազմի նոր տարբերակներում։

Apple-ը դեռ որևէ մեկնաբանություն չի արել այս տեղեկության վերաբերյալ։


 
 
 
 
  • Արխիվ