Facebook-ին հասնելուն մնում է ընդամենը մեկ քայլ. Instagram-ի օգտատերերի թիվը հասել է 2 միլիարդի

27 հոկտեմբերի, 2022  16:15

Instagram սոցցանցի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հասել է 2 միլիարդի։ Շատ շուտով հարթակը այս ցուցանիշով կկարողանա հասնել Facebook-ին, որն այժմ ունի 2,96 միլիարդ օգտատեր։

Այս տեղեկությունը հայտնվել է Meta կորպորացիայի ֆինանսական հաշվետվությունում, որին պատկանում են երկու հարթակները։ Զեկույցի համաձայն՝ Meta-ի բոլոր հավելվածների ամսական օգտատերերի ընդհանուր թիվը կազմում է 3,71 միլիարդ ողջ աշխարհում: Բացի դրանից, ավելի քան 2 միլիարդ մարդ ամեն օր օգտվում է WhatsApp հավելվածից, որը, ի դեպ, նույնպես պատկանում է Meta-ին։

2018 թ. հունիսին Instagram-ի օգտատերերի լսարանը կազմում էր մոտ 1 միլիարդ մարդ. չորս տարվա ընթացքում լսարանը կրկնապատկվել է։ Այսօր Instagram-ն իր օգտատերերին ավելի շատ բովանդակություն է ցույց տալիս՝ ելնելով նրանց նախասիրություններից, ինչը և, հավանաբար, խթանում է լսարանի աճը: Բացի դրանից, պլատֆորմում վերջերս հայտնվեցին TikTok ոճի կարճ տեսանյութեր, ինչը օգնում է հաջող կերպով մրցակցել կարճ տեսանյութերի չինական այս հարթակի հետ:

Չնայած այս ամենին, Meta-ում գործերը լավ չեն ընթանում: Ընկերության բաժնետոմսերի գները նվազել են, հասույթը նույնպես նվազում է վերջին ամիսներին, շահույթը՝ նույնպես: Համաձայն վերջին եռամսյա հաշվետվության՝ վաճառքը տարեկան կտրվածքով նվազել է 4%-ով և կազմել 27,7 մլրդ դոլար, մինչդեռ շահույթը կրճատվել է երկու անգամ:

Ընկերությունն այժմ դժվարությունների է բախվում, քանի որ շատ ընկերություններ կրճատում են գովազդային բյուջեները տնտեսական անորոշության պայմաններում։ Բացի դրանից, Apple-ի գաղտնիության կարգավորումների վերջին փոփոխությունները հարվածում են նաև Meta-ի թիրախային գովազդին: TikTok-ի և այլ հարթակների հետ մրցակցությունը նույնպես խորացնում է խնդիրը:

Փորձագետների կարծիքով՝ այժմ Meta-ն ամեն ինչ անում է, որպեսզի ավելի շատ մարդ գրանցվի և օգտվի Facebook-ից և Instagram-ից, քանի որ հենց այդ ռեսուրսների գովազդից է կորպորացիան ստանում իր եկամտի մեծ մասը։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ