Չինուհին կրծելով պոկել է մետաղալարը, որպեսզի խանութից գողանա iPhone 14 Plus հեռախոսը (լուսանկարը)

5 սեպտեմբերի, 2023  10:20

Չինաստանի Ֆուցզյան նահանգում ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, որը որոշել է անսովոր կերպով տիրանալ iPhone 14 Plus սմարթֆոնին էլեկտրոնիկայի խանութներից մեկում. նա կրծելով պոկել է մետալարը, որով սմարթֆոնն ամրացված է եղել վաճառասեղանին, որպեսզի այն չգողանան։

Տեսախցիկը ֆիքսել է գողության տեսարանը։ Կադրերն արագ տարածվել են չինական սոցիալական ցանցերում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը մոտենում ցուցասեղանին, որի վրա դրված է iPhone 14 Plus սմարթֆոնը, ձեռքով ծածկում հեռախոսը և սկսում փորձել մետաղալարի ամրությունը՝ կրծելով այն։ Համոզվելով, որ իրեն ոչ ոք չի հետևում, կինը կրծելով պոկում է մետաղալարը, ավարը թաքցնում պայուսակում և արագ հեռանում դեպքի վայրից։

woman in China gnaws through anti-theft cable.jpg (172 KB)

Ընդամենը 30 րոպե անց ոստիկանությունը բռնել է կնոջը։ Նա մեղավոր է ճանաչվել 7000 յուանի (մոտ 960 դոլար՝ սմարթֆոնի գինը այդ խանութում) վնաս պատճառելու մեջ։

Հարցաքննության ժամանակ կինը խոստովանել է մեղքը և ասել, որ շատ էր ցանկանում Apple-ի արտադրության նոր սմարթֆոն գնել, սակայն ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տվել դա անել, ուստի որոշել է գնալ այս քայլին։

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ում երկու տղամարդ թալանել էին Alderwood Mall-ում գտնվող Apple-ի խանութը և գողացել 436 հատ iPhone՝ մոտ 500,000 դոլար արժողությամբ: Նրանք դա արել էին շատ յուրօրինակ կերպով․ տղամարդիկ անցք էին բացել հարևանությամբ գտնվող Seattle Coffee Gear սրճարանի զուգարանի պատին, որով էլ մտել էին Apple-ի խանութի հետնասենյակ՝ շրջանցելով խանութի անվտանգության համակարգը։


 
 
 
 
  • Արխիվ