Apple-ը M3 պրոցեսորով և OLED էկրանով նոր iPad Pro կթողարկի՝ փորձելով վերակենդանացնել ճգնաժամում գտնվող շուկան

28 օգոստոսի, 2023  22:07

Apple-ն աշխատում է iPad Pro պլանշետային համակարգչի թարմացված տարբերակի վրա։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, նորույթը կթողարկվի հաջորդ տարի՝ նպատակ ունենալով կենդանություն հաղորդել խորը անկման մեջ գտնվող շուկային։ 

Կարծես թե Apple-ը մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ պլանավորում է զգալիորեն թարմացնել iPad Pro-ն: Ըստ պարբերականի՝ այս քայլն արդարացված է, քանի որ պլանշետների ամբողջ շուկան խորը ճգնաժամի մեջ է, և iPad Pro-ի նոր տարբերակի թողարկումը կարող է օգուտ բերել ընկերությանը: Սարքը ժամանակին համարվում էր Mac-ի պոտենցիալ իրավահաջորդը, սակայն iPad-ներն այժմ ամենաքիչ եկամուտն են բերում ընկերության հիմնական բիզնես սեգմենտների համեմատ:

Անցած եռամսյակում iPad-ի վաճառքը նվազել է և հասել 2020-ին կորոնավիրուսային համաճարակի սկսվելուց ի վեր ամենացածր մակարդակին։ Ըստ IDC-ի վերլուծաբանների՝ Apple-ի սարքերի առաքումները երկրորդ եռամսյակում նվազել են 17%-ով։ Իր վերջին ֆինանսական հաշվետվության մեջ Apple-ը պլանշետների վաճառքի անկումը բացատրում էր նրանով, որ դրան նախորդող տարին ավելի հաջող ժամանակահատված էր նոր iPad Air-ի թողարկման շնորհիվ, սակայն պարզ է, որ կա շատ ավելի էական խնդիր:

Ինչպես PC սեղանի համակարգիչները և նոութբուքները, պլանշետների վաճառքը նվազել է համաճարակի ընթացքում գրանցված բարձր աճից հետո: Գործնականում բոլոր խոշոր արտադրողները, ներառյալ Samsung-ը և Lenovo-ն, անկում են գրանցել: Սպառողները պարզապես անհրաժեշտություն չեն տեսնում գնելու նոր պլանշետ կամ թարմացնելու հինը, քանի դեռ այն աշխատում է: Բացի դրանից, շատ սպառողներ գնում են ավելի մեծ էկրանով սմարթֆոններ, ինչը նվազեցնում է պլանշետի պահանջարկը։

Apple-ի դեպքում պլանշետների սեգմենտի ճգնաժամը պայմանավորված է նաև ընկերության որոշ որոշումներով։ iPad-ները վերջին տարիներին միայն չնչին թարմացումներ են ստացել։ Ընդ որում, վերջին տարիների ամենագրավիչ մոդելը բյուջետային 10-րդ սերնդի iPad-ն է, որը թողարկվել է անցյալ տարվա հոկտեմբերին: iPad Pro-ն բեկումնային թարմացում չի տեսել 2018-ի մոդելի թողարկումից ի վեր, իսկ iPad mini-ն չի թարմացվել արդեն երկու տարի: Այս և որոշ այլ ասպեկտներ հանգեցրել են iPad-ի սեգմենտում վաճառքի անկմանը:

Apple-ի համար լավ նորությունն այն է, որ ընկերությունը հնարավորություն ունի վերակենդանացնել շուկան՝ հաջորդ տարի թողարկելով iPad Pro-ի նոր տարբերակները: J717, J718, J720 և J721 կոդային անուններով մշակված մոդելները կստանան Apple-ի սեփական M3 պրոցեսոր: Դրանք կլինեն նաև Apple-ի առաջին պլանշետները, որոնք կունենան 11 և 13 դյույմանոց OLED էկրաններ: Սպասվում է նաև թարմացված Magic Keyboard-ը, որը պլանշետն ավելի շատ նոութբուքի նման կդարձնի։


 
 
 
 
  • Արխիվ