Wear OS 2-ով աշխատող միլիոնավոր խելացի ժամացույցներ կզրկվեն հարմար ու կարևոր գործառույթից

16 օգոստոսի, 2023  18:30

Wear OS 2 օպերացիոն համակարգով աշխատող խելացի ժամացույցները շուտով չեն ունենա Google Assistant ձայնային օգնականի աջակցություն, այս մասին հայտնում է 9to5google պորտալը։

Սմարթֆոնը ժամացույցի հետ սինխրոնացնելու համար օգտագործվող Wear OS by Google բջջային հավելվածի կոդում հայտնաբերվել է տող, որը տեղեկացնում է այս ծառայության աջակցությունը դադարեցնելու մասին։

Վերոնշյալ տողում ասվում է․ «Google Assistant-ի աջակցությունն այս ժամացույցի վրա շուտով կդադարեցվի: Խնդրում ենք ժամացույցը փոխել ավելի թարմ տարբերակով, որն ունի Google Assistant-ի աջակցություն և աշխատում է Wear OS 3 կամ ավելի նոր տարբերակով»:

Եթե խելացի ժամացույցը զրկվում է ձայնային օգնականից, ապա դա կարող է նշանակել, որ օգտատերերն այլևս չեն կարող այն օգտագործել ժամանակաչափի, զարթուցիչի և հիշեցումների կիրառման, իրենց խելացի տունը կառավարելու և եղանակի վերաբերյալ հարցեր տալու և մի շարք այլ ֆունկցիաների համար:

Ներկայումս Wear OS 2-ով աշխատող միլիոնավոր խելացի ժամացույցներ կան, որոնց մեծ մասը թողարկվել է 2020 և 2021 թվականներին:

Նշենք, որ ներկայումս գործող օպերացիոն համակարգի տարբերակներն են Wear OS 3-ը, 3.5-ը և 4-ը, որոնք հիմնված են Android 11-ի և 13-ի վրա, մինչդեռ Wear OS 2-ի բոլոր տարբերակները ստեղծվել են Android 8-ի և 9-ի հիման վրա:


 
 
 
 
  • Արխիվ