Apple-ի խելացի ժամացույցներում մեծ փոփոխություններ են սպասվում, սակայն ոչ այս տարի

14 օգոստոսի, 2023  21:42

Apple-ը վերջին տարիներին առաջին անգամ պատրաստվում է խոշոր փոփոխություններ անել իր խելացի ժամացույցների դիզայնում: Սակայն նման փոփոխություններով սարքեր այս տարի ակնկալել պետք չէ, այսպիսի եզրահանգման է եկել Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը։

Նա ասել է, որ Apple Watch խելացի ժամացույցը, որը շուկա դուրս կգա այս տարվա վերջին, կստանա աննշան թարմացումներ, իսկ լայնածավալ փոփոխությունները գնորդներին սպասում են միայն հաջորդ տարի։ Լրագրողի խոսքով՝ Apple-ը կարող է հրաժարվել խելացի ժամացույցների ամենամյա թարմացման ցիկլից՝ նախորդ սերունդների համեմատ ավելի նկատելի բարելավումներով սարքեր թողարկելու համար։

Անցյալ տարի շուկա մուտք գործած Apple Watch Series 8-ի ամենանշանակալի նորամուծությունը մարմնի ջերմաստիճանի տվիչի ներդրումն էր, իսկ դրանից մեկ տարի առաջ մշակողները մեծացրել էին սարքի էկրանը։ Նշվում է, որ արտադրողի համար դժվար է սպառողների համար ամեն տարի խելացի ժամացույցների նոր մոդելներ գնելու բավարար դրդապատճառներ ստեղծել։ Եվ եթե անցյալ տարի ընկերությունը թողարկել է առաջադեմ նորույթ՝ ի դեմս Watch Ultra-ի, ապա այս տարի նման բան սպասել պետք չէ։

Ըստ տեղեկությունների՝ Apple-ն աշխատում է Watch X-ի ստեղծման վրա, որը կթողարկվի հաջորդ տարի սարքի 10-ամյակի պատվին և գնորդներին կառաջարկի բազմաթիվ հետաքրքիր նորամուծություններ։ Ակնկալվում է, որ Watch X-ը կունենա ավելի բարակ կորպուս, ինչպես նաև կստանա մագնիսների վրա հիմնված գոտու ամրացման նոր համակարգ։

Ներկա համակարգի դիզայնը շատ տեղ է զբաղեցնում, որը մշակողները կարող էին օգտագործել ավելի մեծ մարտկոց կամ այլ բաղադրիչներ տեղադրելու համար, թեև այն հնարավորություն է տալիս նոր ժամացույցների հետ հին գոտիներ օգտագործել։

Նշենք, որ խոսակցություններ էին պտտվում, որ Apple-ը կսկսի microLED էկրաններ օգտագործել իր խելացի ժամացույցներում։ Այնուամենայնիվ, այս տեխնոլոգիան համեմատաբար նոր է, և նման էկրանների արտադրությունը շատ թանկ արժե: Հայտնի է նաև, որ Apple-ը մի քանի տարի պլանավորում է իր ժամացույցներում ներդնել արյան ճնշման չափման սենսոր, սակայն դեռ չի արել դա։ Հավանաբար, այս նորամուծությունը կարող է ներդրվել հենց Apple Watch X-ում։

 


 
 
 
 
  • Արխիվ