Ինչպե՞ս կարող է նեյրոնային ցանցը գողանալ ձեր գաղտնաբառը՝ օգտագործելով խոսափողը

8 օգոստոսի, 2023  21:54

Բրիտանական առաջատար համալսարանների մի խումբ հետազոտողներ հայտնաբերել են գաղտնաբառերը գողանալու նոր, պոտենցիալ վտանգավոր մեթոդ՝ ստեղնաշարի ձայների վերլուծության միջոցով: Այս լուրը ևս մեկ անգամ ընդգծում է տվյալների անվտանգության կարևորությունը թվային դարաշրջանում, հայտնում է Bleeping Computer-ը:

Հետազոտողները մշակել են նեյրոնային ցանցի մոդել, որն ունակ է ճանաչել ստեղնաշարի յուրաքանչյուր ստեղնը սեղմելու ձայները 95% ճշգրտությամբ։ Դրա համար նրանք միկրոֆոնի միջոցով ձայնագրել են ստեղների ձայները։ Նեյրոցանցը կարողացավ հաջողությամբ ճանաչել Apple MacBook Pro նոութբուքի տարբեր ստեղներով հնչող յուրահատուկ ձայները:

Սակայն Zoom վիդեոկոնֆերանսների ծառայության պայմաններում կիրառելիս մոդելի ճշգրտությունը փոքր-ինչ նվազել է՝ մինչև 93%: Այնուամենայնիվ, սա նշանակում է, որ հաքերները կարող են այս մեթոդի օգնությամբ վերցնել օգտատերի մուտքագրած գրեթե ցանկացած գաղտնաբառ:

Այս մեթոդի առանձնահատկությունն այն է, որ այն չի պահանջում բարդ պայմաններ կամ հատուկ տեխնիկա։ Ժամանակակից սարքերը՝ սկսած նոութբուքներից մինչև սմարթֆոններ, արդեն ունեն բարձրորակ խոսափողներ, ինչը մեթոդն ավելի հասանելի է դարձնում հարձակվողների համար:

Փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել նույնականացման լրացուցիչ մեթոդներ, ինչպիսիք են մատնահետքի սկանավորումը կամ այլ կենսաչափական մեխանիզմներ՝ գաղտնաբառերի վրա նման «ձայնային» հարձակումներից պաշտպանության լրացուցիչ «շերտ» ապահովելու համար:


 
 
 
 
  • Արխիվ