iPhone 15 Pro. Էկրանի համեմատություն հին մոդելների հետ

7 օգոստոսի, 2023  14:18

Նոր iPhone 15 Pro մոդելների էկրանի շրջանակները շատ բարակ կլինեն՝ ընդամենը 1,5 մմ։ Այնուամենայնիվ, սա, ամենայն հավանականությամբ, չի լինի նոր սարքերի միակ տարբերությունը հին մոդելների համեմատ։

9to5mac պորտալը համեմատել է iPhone 15 Pro-ի էկրանը Apple սմարթֆոնների նախորդ տարբերակների հետ։ Ցույց տալու համար, թե որքանով ավելի բարակ կլինի նոր սմարթֆոնի էկրանը, պորտալի հեղինակները ստեղծել են iPhone Pro բոլոր մոդելների դիսփլեյների սխեմատիկ պատկերները՝ սկսած 12-րդ սերիայից։ էկրանի շրջանակների չափսերի փոփոխությունները նոր մոդելում նկատելի են նույնիսկ վերջին iPhone 14 Pro-ի համեմատությամբ. շրջանակները նվազել են ավելի քան 30%-ով։

Այս ձեռքբերումը հնարավոր է դարձել LIPO տեխնոլոգիայի շնորհիվ: Apple-ն արդեն հաջողությամբ օգտագործել է այս նորամուծությունը Apple Watch-ի էկրանների մշակման ժամանակ։

Սակայն, ըստ մասնագետների, շրջանակների չափսերի կրճատումը կարող է որոշակի անհարմարություններ առաջացնել սմարթֆոն օգտագործելիս, այդ թվում՝ հնարավոր է, օգտատերերը պատահական սեղմեն էկրանին՝ սարքը ձեռքում պահելիս։

Միևնույն ժամանակ, դիմային տեսախցիկի և Face ID համակարգը ներառող Dynamic Island կտրվածքը կպահպանի իր չափսերն ու ձևը. այն, ամենայն հավանականությամբ, կլինի նույնը, ինչ նախորդ տարվա մոդելում:

Ըստ լուրերի՝ iPhone 15 սմարթֆոնների և Apple Watch Series 9-ի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին։ Փորձագետներն ակնկալում են, որ iPhone 15 Pro-ն կլինի 100 դոլարով ավելի, քան iPhone 14 Pro-ն, իսկ iPhone 15 Pro Max-ը կլինի 100-200 դոլարով ավելի թանկ, քան iPhone 14 Pro Max-ը: Կարծիք կա նաև, որ չնայած ընդհանուր հետաքրքրությանը, iPhone 15 սերիայի սմարթֆոնների պահանջարկը, ամենայն հավանականությամբ, կլինի շատ համեստ, և նույնիսկ ավելի քիչ մարդիկ կգնեն դրանք, քան iPhone 14-ը։


 
 
 
 
  • Արխիվ