Մահացել է աշխարհի ամենահայտնի հաքերը, որը կոտրել է Nokia-ի համակարգը. ի՞նչն է մահվան պատճառը (լուսանկար)

20 հուլիսի, 2023  16:35

Հիսունինը տարեկան հասակում մահացել է կիբեռանվտանգության ոլորտի հետազոտող և աշխարհի ամենահայտնի հաքեր Քևին Միտնիկը, որը ժամանակին ԱՄՆ-ի ամենափնտրվող կբեռհանցագործներից մեկն էր: Այս մասին հայտնել են նրա հիմնադրած KnowBe4 և Mitnick Security Consulting ընկերությունների ներկայացուցիչները։

Ինչպես տեղեկացնում է The New York Times-ը, Միտնիկը մահացել է Լաս Վեգասում, մահվան պատճառը եղել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, որը հայտնաբերվել է 2022-ին։ Կյանքի վերջին տարին Միտնիկը բուժվում էր Պիտսբուրգի համալսարանի բժշկական կենտրոնում։

Միտնիկը կհուղարկավորվի Լաս Վեգասի Դավիթ արքայի գերեզմանատանը։

Քևին Միտնիկը հայտնի է 90-ականներին կատարած մի շարք աղմկահարույց կիբեռհանցագործություններով։ Նա կոտրել է հեռահաղորդակցության ընկերությունների ու համալսարանների  համակարգերը, գողացել վարկային քարտի տվյալներ և վաստակել խարդախությամբ: Ենթադրվում է, որ նա գողացել է Santa Cruz Operation համակարգչային ծրագրերը և Motorola և Nokia համակարգերը: Միտնիկը դարձել է առաջին հաքերը, որը հայտնվել է Հետախուզությունների դաշնային բյուրոյի ամենաշատ փնտրվողների ցուցակում, ինչը նրան մեծ համբավ է բերել:

1995-ին ԱՄՆ հետախուզական ծառայությունները ձերբակալում են Միտնիկին, և նա դատապարտվում է հինգ տարվա ազատազրկման։ Հետաքրքիր է, որ ազատ արձակվելուց հետո երեք տարի նրան արգելել էին նաև համակարգչից կամ բջջային հեռախոսից օգտվել առանց կարգադրիչի թույլտվության։

2000-ին ազատ է արձակվել և վերապատրաստվել որպես տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության մասնագետ։ Շատ արագ նա մեծ ճանաչում է ստանում, և 2003-ից գլխավորում է Mitnick Security Consulting-ը, ինչպես նաև հիմնում է KnowBe4-ը։ Բացի դրանից, նա նաև բարձր պաշտոն է զբաղեցրել Zimperium-ում։

Միտնիկը նաև մի քանի գիրք է գրել, որոնցում պատմում է, թե ինչպես կարելի է ներկայանալ որպես այլ մարդ և ստանալ տարբեր համակարգերի մուտքի կոդերը:


 
 
 
 
  • Արխիվ