Canon տպիչները և սկաներները կարող են պահպանել սեփականատերերի անձնական տվյալները և դրանք տրամադրել երրորդ կողմի

12 հուլիսի, 2023  22:21

Canon տպիչները և սկաներները կարող են պահպանել իրենց սեփականատերերի անձնական տվյալները, որոնք ստացվել են փաստաթղթեր տպելու և պատճենելու ժամանակ և փոխանցել դրանք երրորդ անձանց: Այս մասին հայտնում է The Washington Post-ը։

Պարբերականի տվյալներով՝ ընկերության գաղտնիության քաղաքականության վերաբերյալ տեքստում նշվում է, որ Canon-ը թույլ է տալիս իր սարքերին տվյալներ հավաքել մարքեթինգային նպատակներով։ Իսկ դա նշանակում է, որ ընկերությունը կարող է օգտատերերի մասին տեղեկությունները փոխանցել երրորդ անձանց, օրինակ՝ գովազդատուներին:

Canon-ը կարող է հավաքել ոչ միայն օգտատերերի կողմից տպված և սկանավորված փաստաթղթերի բովանդակությունը, այլ նաև ֆայլերի մետատվյալներ, որոնք կարող են ներառել տեղեկություններ լուսանկարի կամ փաստաթղթի ստեղծման վայրի, ժամի և այլնի մասին:

Canon-ը The Washington Post-ի հարցերին ուղղակիորեն չի պատասխանել, թե արդյոք ընկերությունը հավաքում է օգտատերերի անձնական տվյալներ, որքան ժամանակ են պահվում դրանք և ինչպես են օգտագործվում: Ընկերությունը միայն նշել է, որ հարգում է հաճախորդների շահերը և գործում է դաշնային և նահանգային օրենքների շրջանակում։

HP ընկերության գաղտնիության քաղաքականության վերաբերյալ տեքստում տվյալների հավաքման վերաբերյալ որևէ կետ պարբերականը չի գտել։ Այնուամենայնիվ, նման դրույթներ կան օգտատերերի հետ կնքված պայմանագրերում տպագրության հանրային ծառայություններ մատուցող այնպիսի ընկերությունների դեպքում, ինչպիսիք են FedEx-ը, UPS-ը և Staples-ը:


 
 
 
 
  • Արխիվ