Samsung-ը մտադիր է խելացի մատանի՞ ստեղծել

5 հուլիսի, 2023  20:08

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական հսկան երեք ապրանքանիշ է գրանցել Մեծ Բրիտանիայի մտավոր սեփականության գրասենյակում (UKIPO), որոնք կարող են վերաբերել ընկերության նոր կրելի սարքերին: Այս մասին հայտնում է SamMobile-ը։

Խոսքն այնպիսի ապրանքանիշերի մասին է, ինչպիսիք են Samsung Circle-ը, Samsung Index-ը և Samsung Insight-ը: Բոլոր ապրանքային նշանները գրանցված են «կրելի համակարգիչներ», «խելացի մատանիներ», ինչպես նաև «խելացի ժամացույցներ և սմարթֆոններ» կատեգորիաներում։

SamMobile-ը ենթադրում է, որ Samsung Circle անունը կարող է վերաբերել ընկերության խելացի մատանուն կամ ֆիթնես ապարանջանին: Իր հերթին, լրագրողները Samsung Index-ը և Samsung Insight-ը կապում են վիրտուալ, ընդլայնված կամ խառը իրականության սարքերի և կարգավորիչների հետ:

«Տեղեկությունը չափազանց անորոշ է այս սարքերի ճշգրիտ բնույթը որոշելու կամ ընդհանրապես դրանց գոյության մեջ համոզվելու համար»,- գրում է SamMobile-ը։

Դրա հետ մեկտեղ, պարբերականը հիշեցրել է, որ դեռ 2023-ի փետրվարին Samsung-ը Qualcomm-ի հետ միասին հայտարարել էր խառը իրականության համար նախատեսված ականջակալ մշակելու մասին, որի անունը դեռ որոշված չէ։ Այդ ժամանակից ի վեր սարքի մասին տեղեկություն լրատվամիջոցներում չի հայտնվել։


 
 
 
 
  • Արխիվ