Խելացի ժամացույցի ֆիթնես հավելվածի շնորհիվ տղամարդը 45 կգ նիհարել է

19 հունիսի, 2023  12:16

Շատ օգտատերեր համարում են, որ խելացի ժամացույցների ֆիթնես հավելվածները լիովին անօգուտ են: Սակայն ԱՄՆ-ից Նեյթ Գորբին նման հավելվածների շնորհիվ կարողացել է 45 կիլոգրամ նիհարել։

Ինչպես տեղեկացնում է 9to5Mac-ը՝ Նեյթը, որն Apple Watch ունի, պատմել է, որ հենց խելացի ժամացույցի շնորհիվ է ծանոթացել ֆիթնեսի հետ և հենց ֆիթնես հավելվածն էլ իրեն մոտիվացրել է, որպեսզի նիհարի քաշի նվազեցման վերջերս արված վիրահատությունից հետո:

Mayo Clinic-ի տվյալներով՝ նման վիրահատություններից հետո շատ բուժառուներ նիհարում են, սակայն որպեսզի արդյունքը կայուն և երկարաժամկետ լինի,  կարևոր է, որ բուժառուն առողջ ապրելակերպ վարի։ Իսկ ապրելակերպի արմատական ​​փոփոխությունը, ինչպես հայտնի է, մեծ կամքի ուժ է պահանջում։

Ճիշտ ուղուց չշեղվելու հարցում Նեյթին օգնել են հենց խելացի ժամացույցն ու դրանում տեղադրված հավելվածները։ Ըստ նրա՝ մեծ դեր են խաղացել Apple-ի ֆիթնես օղակները (որոնք մարդուն մոտիվացնում են ավելի շատ շարժվել օրվա ընթացքում) և Fitness+ հրահանգիչների մոտիվացիան։

«Ֆիթնես+»-ի շնորհիվ ես կարողացա իմ մեջ բացահայտել կիրք հեծանվավազքի, վազքուղով քայլելու, HITT-ի և նույնիսկ գիտակցության պրակտիկայի հանդեպ»,- ասել է Նեյթը:

Մարզումների և ճիշտ մոտիվացիայի շնորհիվ Նեյթը կարողացել է 45 կիլոգրամ նիհարել (100 ֆունտ):


 
 
 
 
  • Արխիվ