Ինչ տեսք կունենա Next Valley-ն. Microsoft-ը պատահաբար ցույց է տվել հաջորդ Windows-ի ինտերֆեյսը

17 հոկտեմբերի, 2022  20:38

Դժվար թե մինչև 2024 թ․ տեսնենք Next Valley աշխատանքային անունով Windows-ի նոր տարբերակը։ Այնուամենայնիվ, Ignite ընկերության համաժողովի ժամանակ Microsoft-ը պատահաբար ցուցադրել է նոր օպերացիոն համակարգի օգտատիրոջ ինտերֆեյսի նախատիպը:

Երբ Microsoft-ի գործադիր տնօրեն Սատյա Նադելան Meta Quest-ի համար պատմում էր Microsoft Teams հարթակի՝ հանդիպումների լիարժեք ներկայություն ապահովող փորձառության մասին, կադրում երևաց օպերացիոն համակարգ, որը մի փոքր տարբերվում էր նրանից, որին սովորել ենք (նայել տեսանյութի 42:42 րոպեից):

Ընդհանուր առմամբ, այն նման է Windows 11-ին, բայց այստեղ կարելի է տեսնել կլորացված անկյուններով առաջադրանքների «լողացող» պանելը, որը հնարավոր չէ ստեղծել Chromium օպերացիոն համակարգում: Նաև ցուցադրված կադրերում կարելի էր տեսնել առաջադրանքների պանելի (taskbar) ծանուցման տարածքը վերին աջ անկյունում, որոնման տողը՝ վերին կենտրոնական մասում և եղանակի վիջեթը՝ վերին ձախ անկյունում:

Քանի որ ցուցադրված կադրերը ցածր որակի էին, Windows Central պորտալը վերստեղծել է օգտատիրոջ ինտերֆեյսի մոդելը բարձր որակով, որպեսզի ավելի լավ պատկերացնենք, թե ինչպիսին պետք է լինի այն:

Իրականում, այն, ինչ մեզ ցույց տվեցին այս կադրերում, կարող էր լինել ցանկացած բան՝ սկսած Windows-ի դեռևս մշակման փուլում գտնվող նոր տարբերակից մինչև դիզայների սխալ, որը տեսանյութը ձայնագրելուց առաջ մոռացել է անջատել մյուս ռեժիմները, որոնք փոխում են օգտատիրոջ ինտերֆեյսի արտաքին տեսքը։

Windows-Next-Valley

Նույնիսկ պարզ չէ, թե արդյոք մեզ ցուցադրվել է օպերացիոն համակարգի աշխատասեղանի՞, թե՞ բջջային տարբերակը, թեև մարտկոցի ցուցիչը հուշում է, որ այն շարժական սարք է: Ցուցադրվող որոշ տեքստի ձեռագիր տեսքը կարող է վկայել այն մասին, որ տեքստը մուտքագրվում է ստիլուսի միջոցով, սակայն մալուխները, որոնք կարելի է տեսնել շրջանակի ներքևի հատվածում, վկայում են աշխատասեղանի էկրանի մասին։

Եթե ​​սա ապագա Windows 12-ն է, որը նաև հայտնի է որպես Next Valley, ապա դրա ինտերֆեյսի դիզայներները, անշուշտ, ոգեշնչված են macOS-ից: 


 
 
 
 
  • Արխիվ