Ի՞նչ արժե Apple-ի VR Vision Pro սարքը, արդարացվա՞ծ է այդ գինը և արդյոք կվաճառվի՞ այն

8 հունիսի, 2023  16:35

Apple-ի խառը իրականության առաջին սարքը՝ Vision Pro-ն, մեծ ուշադրություն գրավեց, առաջին հերթին իր բարձր գնի պատճառով. այն արժե 3499 դոլար:

Որքա՞ն է այս սարքի ինքնարժեքը և արդյոք այն կվաճառվի՞:

Vision Pro-ն պետք է արժենար 700 դոլա՞ր

Meta-ի Metaverse-ի մի երկրպագու՝ Jiople1 մականունով, Financial Times-ին տված հարցազրույցում նշել է, որ Vision Pro-ի արդար գինը 700 դոլար է: Ըստ նրա՝ Apple-ի սարքը հիանալի տեսք ունի, բայց դժվար թե որևէ մեկը դրա համար վճարի 3499 դոլար։

«Ես պատրաստ եմ [Apple-ի նմանատիպ սարքի համար] մոտ 700 դոլար վճարել»,- ասել է նա:

Jiople1-ը, որն ԱՄՆ Տեխաս նահանգից է, նաև ասել է, որ շաբաթը մեկ անգամ օգտագործում է Oculus VR ականջակալ: Նրա կարծիքով՝ Apple-ի լրացված իրականության տարրը ավելի լավը կլինի, քան Meta-ի «վիրտուալ իրականության» սարքը։ Ամեն դեպքում, Apple-ի սարքը չափազանց թանկ է, և շատ օգտատերեր են համամիտ այս կարծիքի հետ։

Vision Pro-ի ինքնարժեքը մոտ 1500 դոլա՞ր է

Wellsenn XR-ի վերլուծաբաններն իրենց հերթին հաշվարկել են սարքի բաղադրիչների արժեքը, որպեսզի հասկանան համար դրա մոտավոր արժեքը։

Vision Pro-ի ամենաթանկ մասը Sony-ի արտադրության երկու 1,3 դյույմանոց OLED էկրաններն են: Նման մեկ էկրանն արժե 350 դոլար, իսկ զույգը, համապատասխանաբար, 700 դոլար: Հաջորդ ամենաթանկ բաղադրիչը դրա հավաքումն է՝ 130 դոլար: Սարքի կորպուսն արժե մոտ 120 դոլար: Նույնքան էլ արժի Apple M2 պրոցեսորը: Նոր Apple R1 համապրոցեսորը վերլուծաբանները գնահատում են $60։

Սարքի Samsung UFS 4.0 512 ԳԲ օպերատիվ հիշողությունն արժե 20 դոլար, մինչդեռ Samsung-ի և SK hynix-ի 12 ԳԲ LPDDR5 օպերատիվ հիշողության սարքը՝ 30 դոլար: Broadcom-ի և Skyworks-ի Wi-Fi 6 և Bluetooth 5.3 մոդուլներն արժեն համապատասխանաբար 6 և 2 դոլար: PMIC հոսանքի բաղադրիչների գինը 4 դոլար է:

LG-ի արտադրության արտաքին հիբրիդային AMOLED էկրանը, որը կարող է օգտատիրոջ աչքերը ցույց տալ ուրիշներին, արժե 30 դոլար, մինչդեռ օպտիկական ոսպնյակների հավաքածուն արժե 60 դոլար: Երկու IPD մոդուլի գինը $20 է։

Sony-ի և Foxconn-ի տեսախցիկների, շարժմանը հետևող սենսորների և վիբրացիոն շարժիչի մի փաթեթն արժե մոտ 131 դոլար: Սառեցման համակարգը, տպատախտակը, հոսանքի լարը և որոշ այլ բաղադրիչներ սարքի գնին ավելացնում են ևս 34 դոլար: Մոտ 500 մԱ/ժ հզորությամբ ներքին մարտկոցը արժե 3 դոլար, իսկ մոտ 10,000 մԱ/ժ հզորությամբ արտաքինը՝ 15 դոլար։ Միկրոֆոններն արժեն 3 դոլար։ Մանրածախ փաթեթավորումը, մարտկոցի պահեստավորման պայուսակը և այլ մասեր արժեն մոտ $23:

Այսպիսով, Apple Vision Pro-ի ինքնարժեքը կազմում է 1500 դոլարից մի փոքր ավելի: Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ Vision Pro-ն մշակվել է յոթ տարի, և մշակման համար տարեկան ներդրվել է ավելի քան 1 միլիարդ դոլար, իսկ դրա վրա աշխատել են հազարավոր ինժեներներ։ Եվ այս ներդրումները նույնպես ներառվել են սարքի գնի մեջ։

Իսկ կկարողանա՞ Apple-ը վաճառել Vision Pro-ն

TrendForce-ի վերլուծաբանների կանխատեսումներով՝ Apple-ը 2024-ին կկարողանա վաճառել մոտ 200,000 միավոր Vision Pro, ինչը ավելի քիչ է, քան ընկերության մյուս հայտնի սարքերը:

«Շուկայի արձագանքը մեծապես կախված կլինի Vision Pro մոդելների սպառողներին ուղղված հետագա ներդրումներից և Apple-ի՝ ամենօրյա ազդեցիկ գործառույթներ առաջարկելու կարողությունից, որոնք կնպաստեն ընդլայնված իրականության ընդհանուր շուկայի արագ աճին»,- նշել են TrendForce-ի մասնագետները։

Նրանց կարծիքով՝ նորույթը կարող է գրավել պոտենցիալ գնորդներին իր դիզայնով և բարձր կատարողականությամբ։ Մյուս կողմից, դրա արտադրության բարդությունը և սահմանափակ արտադրական հզորությունները դժվարություններ են ստեղծում, այդ թվում՝ նոր սարքը միայն 2024-ի սկզբին թողարկելու որոշման հետ կապված։

Ավելին, Vision Pro-ի բարձր գինը և արտաքին սնուցման մարտկոցի առկայությունը, որը մեկ լիցքավորմամբ ընդամենը երկու ժամ է աշխատում, նորույթն ավելի քիչ գրավիչ կդարձնի սպառողների համար։

Փորձագետները նաև նշել են, որ սարքը դեռևս ակնհայտորեն չունի սովորական օգտատերերի համար նախատեսված հավելվածներ, ինչը այն ավելի գրավիչ է դարձնում մշակողների և կորպորատիվ օգտատերերի համար։ Ուստի սարքը, ամենայն հավանականությամբ, սպառողների շրջանում լայն տարածում չի ստանա։

Apple-ը խառը իրականության Vision Pro սարքը ներկայացրել է հունիսի 5-ի երեկոյան՝ Worldwide Developers Conference 2023-ի շրջանակում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ