Apple-ը դիմել է նոր ապրանքանիշ գրանցելու համար. այն կարող է կապված լինել սարքի հետ, որը կներկայացվի շուտով

22 մայիսի, 2023  16:15

ApplexrProOS ապրանքանիշը գրանցելու հայտ է ներկայացրել․ այն կապված է լրացված իրականության նոր սարքի հետ, որը, ինչպես ակնկալվում է, ընկերությունը կներկայացնի այս տարվա ամռանը կայանալիք Worldwide Developers Conference-ի (WWDC) ժամանակ:

Ինչպես հայտնում է MacRumors պորտալը, դիմումը ներկայացրել է Deep Dive LLC-ն, որը նախկինում Apple-ի անունից ապրանքանիշեր արդեն գրանցել է։ Պարբերականի տվյալներով՝ մայիսի 18-ին ընկերությունը «xrProOS» ապրանքանիշի համար (Apple SF Pro տառատեսակով) հայտ է ներկայացրել Արգենտինայում, Թուրքիայում և Ֆիլիպիններում: Մայիսի սկզբին նույն ընկերությունը «xrOS» ապրանքանիշը գրանցելու համար հայտ է ներկայացրել Նոր Զելանդիայում:

Հավանաբար հենց Apple-ն էլ կանգնած է երկու դիմումների հետևում. ընկերությունը նախապես քայլեր է ձեռնարկում լրացված իրականության նոր սարքի հետ կապված իր մտավոր սեփականության իրավունքները պաշտպանելու համար: Մայիսի 18-ին Deep Dive LLC-ն xrProOS-ը գրանցելու համար դիմում է ներկայացրել նաև Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Մեծ Բրիտանիայում, սակայն առանց SF Pro տառատեսակի: Փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունը նոր ապրանքանիշը գրանցելու համար առաջին անգամ դիմել է Ջամայկայում ապրիլի 27-ին։ Հենց Ջամայկայում է Apple-ը հաճախ ներկայացնում իր ապագա արտադրանքների հետ կապված առաջին ապրանքանիշերի գրանցման հայտերը, քանի որ երկիրը չունի ապրանքանիշերի տվյալների առցանց բազա, որտեղ կարելի է որոնում անել, ինչն էլ օգնում է ընկերությանը, որպեսզի պահպանի նոր ապրանքների գաղտնիությունը:

Ավելի վաղ Bloomberg-ի թղթակից Մարկ Գուրմանը հայտնել էր, որ Apple-ի լրացված իրականության սարքի օպերացիոն համակարգը կոչվելու է xrOS, ուստի նոր ապրանքանիշը, ամենայն հավանականությամբ, կապված է հենց այս սարքի հետ։ Հնարավոր է, սակայն, որ այդ սարքի շնորհանդեսի նախօրեին Apple-ն այժմ զուտ «քողարկում է իր հետքերը» և ընդհանրապես չի պատրաստվում օգտագործել xrProOS ապրանքանիշն ապագայում։

Սպասվում է, որ Apple-ի լրացված իրականության առաջին սարքը կներկայացվի հունիսի 5-ին կայանալիք WWDC-ի ժամանակ, իսկ թողարկումն այս տարվա վերջին: Սպասվում է, որ այն կհամատեղի վիրտուալ և ընդլայնված իրականության գործառույթները, և դրա գինը կկազմի մոտ 3000 ԱՄՆ դոլար։ Սարքի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ