Tesla-ն ցուցադրել է Optimus ռոբոտների նոր հմտությունները․ նրանք կողմնորոշվում են տարածքում և զգույշ դիպում ձվին՝ չկոտրելով այն

17 մայիսի, 2023  18:08

Tesla ընկերության բաժնետերերի ամենամյա ժողովի ժամանակ ընկերությունը ցուցադրել է տեսանյութ, որում ցույց է տրվում, թե ինչպես են բարելավվել Optimus մարդանման ռոբոտների հնարավորությունները։ 

Ռոբոտները կարողանում են սկանավորել և մտապահել իրենց շրջապատը՝ ձևավորելով տարածքի թվային քարտեզը: Առարկաների հետ գործողություններում ռոբոտի ուսուցումը, ինչպես երևում է ներկայացված տեսանյութից, նաև իրականացվում է մարդու օգնությամբ։ Ռոբոտի գործարկիչ մեխանիզմները պարզապես կրկնում են մարդու շարժումները և դրանով իսկ ռոբոտը սովորում է կենդանի օրինակի վրա աշխատելու օպտիմալ գործողությունները:

Բացի դրանից, Tesla-ն ռոբոտին նաև մարզում է ձեռքերը բարդ հետագծերով շարժելու և բարդ ձև ունեցող փափուկ կամ փխրուն առարկաների հետ վարվելու համար։ Օրինակ՝ տեսանյութում երևում է, թե ինչպես է ռոբոտը զգուշությամբ դիպչում ձվին՝ առանց կոտրելու այն։ 

Բաժնետերերի հետ ամենամյա հանդիպման ժամանակ Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը հերթական անգամ հայտարարել է, որ ժամանակի ընթացքում ռոբոտները Tesla-ին կբերեն եկամտի զգալի մասը, իսկ շուկայում կլինի 10-20 միլիարդ հատ ռոբոտ։

Նման ռոբոտի մոտավոր գինը պետք է կազմի մոտ 20,000 դոլար, իսկ դրա ծրագրային ապահովումը հիմնված կլինի նույն արհեստական բանականության համակարգի վրա, որը կիրառվում է ընկերության էլեկտրական ավտոմեքենաներում։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանը տեղի ունեցած առաջին հանրային ցուցադրության ժամանակ երկրորդ սերնդի Tesla Bot ռոբոտի նախատիպը բեմում շարժվում էր միայն օգնականների օգնությամբ, բայց որպես ողջույնի ժեստ՝ կարողանում էր շարժել ձեռքերը: Այս տարվա մարտին հրապարակվեց մեկ այլ տեսանյութ, որում այս տիպի երկու ռոբոտներ ինքնուրույն շրջում են սենյակով և էլեկտրական գործիքի օգնությամբ ամրացնում մեկ այլ ռոբոտի «վերին վերջույթը»։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ