Ինչո՞ւ Apple-ը չի վերանորոգում բոլոր iPhone-ները․ Ֆրանսիայում հետաքննություն է սկսվել  

16 մայիսի, 2023  16:05

Ֆրանսիական Halte l'Obsolescence Program (HOP) ասոցիացիան հետաքննություն է սկսել ամերիկյան Apple ընկերության նկատմամբ՝ պարզելու, թե արդյոք ճիշտ են պնդումները, որ ընկերությունը միտումնավոր կերպով սահմանափակում է իր iPhone սմարթֆոնների վերանորոգման հնարավորությունը և այդպիսով դրանք դարձնելով հնացած։

Ինչպես տեղեկացնում է Apple Insider կայքը, HOP-ը պնդում է, որ Apple-ի ներկայիս վերանորոգման ծրագիրը գործում է այնպես, որ սահմանափակում է ընկերության սարքերը նորոգելու հնարավորությունը, ինչն իր հերթին օգտատերերին դրդում է գնել նոր սարքեր՝ հինը վերանորոգելու փոխարեն:

Apple-ի կանոնների համաձայն՝ տեխնիկական ծառայության հետ կապվելիս օգտատերը պետք է նշի իր սարքի սերիական համարը, որպեսզի վերանորոգման համար օգտագործվեն միայն կոնկրետ սարքին համապատասխանող հավաստագրված մասեր։

Այնուամենայնիվ, HOP-ը բողոքում է, որ Apple-ի` սերիական մասերի օգտագործման քաղաքականությունը թույլ է տալիս սահմանափակում մտցնել և վերանորոգել միայն այն սարքերը, որոնցում օգտագործված են հավաստագրված մասեր:

Այս ամենը հանգեցնում է նրան, որ որոշ դեպքերում iPhone-ն ու մյուս սարքերը չեն կարող վերանորոգվել, ինչը նույնիսկ փոքր խնդիրների պատճառով դրանք դարձնում է «հնացած» և մարդկանց ստիպում նոր սարք գնել։

Հաշվի առնելով այս ամենը՝ HOP-ը Apple-ին կոչ է արել երաշխավորել սարքերի վերանորոգման իրավունքը։

Նշենք, որ HOP-ը 2017-ին բողոք էր ներկայացրել Apple-ի դեմ՝ նշելով, որ ընկերությունը միտումնավոր կերպով նվազեցնում է վատ վիճակում գտնվող մարտկոցներով iPhone հեռախոսների որոշ հին մոդելների առավելագույն արդյունավետությունը, որպեսզի կանխի հեռախոսի անսպասելի կերպով անջատումը:

Apple-ը խոստովանեց, որ միտումնավոր դանդաղեցնում է հին iPhone-ների աշխատանքը, ինչից հետո ընկերությունը բախվեց բազմաթիվ իրավական մարտահրավերների: Այնուամենայնիվ, Apple-ը նշում էր, որ կարևոր է հեռախոսների հանկարծակի անջատումները կանխելը, քանի որ դրանք կարող են վնասել iPhone-ի էլեկտրոնիկան:  

Քննադատները, հայցվորները պնդում էին, որ Apple-ի քաղաքականությունը, անկախ նրանից դա միտումնավոր է, թե ոչ, օգտատերերին դրդում նոր հեռախոս գնել, քանի որ հին մոդելներում հաճախ խնդիրներ են առաջանում նոր հավելվածների և iOS-ի թարմացումների հետ կապված:

2020-ին Apple-ը համաձայնության էր եկել վճարելու 27,4 մլն դոլար այն բանի համար, որ iPhone-ի օգտատերերին չէր տեղեկացրել, որ ծրագրային ապահովման թարմացումները կարող են նվազեցնել հին սարքերի աշխատանքի արդյունավետությունը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ