Նյու Յորքում Google-ի ինժեներներից մեկը մահացել է ընկերության գրասենյակի 14-րդ հարկից ընկնելու պատճառով

8 մայիսի, 2023  16:02

Google-ի 31-ամյա մի ինժեներ մահացել է Նյու Յորքում ընկերության գրասենյակայի շենքի 14-րդ հարկից ընկնելու հետևանքով։ Ըստ New York Post-ի՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է և ընկերության աշխատակցի կողմից գործած երկրորդը վերջին շրջանում։

Պարբերականի տվյալներով՝ տղամարդը, ում անունը չի նշվում, Ութերորդ պողոտայի 111 շենքի 14-րդ հարկից ընկել է ժամը 23:30-ի սահմաններում։ Իշխանությունները տեղեկացրել են, որ ոստիկանությունն արձագանքել է շտապօգնության ծառայություն ստացված բազմաթիվ զանգերին այն մասին, որ 15-րդ փողոցի արևմտյան հատվածում գետնին մարդ է պառկած՝ անգիտակից վիճակում։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները տղամարդուն հայտնաբերել են անգիտակից վիճակում և տեղափոխել Բելվի հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Ոստիկանները հանգուցյալի մատնահետքերը հայտնաբերել են 14-րդ հարկի բացօթյա պատշգամբում։ Քննիչները տղամարդու կողմից թողնված գրություն կամ տեսաուղերձ չեն գտել։

«Մենք շատ ենք տխրել մեր աշխատակիցներից մեկի հետ կապված այս ողբերգական միջադեպի առթիվ»,- ասել է Google-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Ալեքս Ջոզեֆը։

Փետրվարին մահացել էր Google-ի մեկ այլ աշխատակից, որը նույնպես աշխատում էր ընկերության՝ Մանհեթենում գտնվող գլխավոր գրասենյակում։ Երեսուներեքամյա Ջեյքոբ Փրաթին մահացած էին գտել Google-ի գրասենյակից ոչ հեռու գտնվող իր բնակարանում։ Ոստիկանության տվյալներով՝ մահը վրա էր հասել առերևույթ ինքնասպանության հետևանքով։


 
 
 
 
  • Արխիվ