Հանրությունը չպետք է պահանջի, որ գիտնականները բոլորի նման լինեն. Յուրի Օգանեսյան

8 մայիսի, 2023  14:17

Աշխարհահռչակ գիտնական, ՌԴ ԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱ պատվավոր անդամ Յուրի Օգանեսյանը, ում անունով է կոչվում Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ տարրը, «պատահաբար» է դարձել ֆիզիկոս։

NEWS.am Tech-ի թղթակցի հետ զրույցում նա պատմել է, որ Երևանում դպրոցն ավարտելուց հետո մտադիր էր ճարտարապետ դառնալ ու գնացել է Մոսկվա՝ բուհ ընդունվելու։ Բայց ուժերը փորձելու նպատակով միաժամանակ քննություններ է հանձնել և՛ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում, և՛ Մոսկվայի ճարտարապետական ​​ինստիտուտում։ Եվ երկուսում էլ հաջողել է, սակայն Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտից նրա փաստաթղթերը չեն վերադարձրել. դրանք ներկայացվել էին համապատասխան մարմիններին, քանի որ այս բուհը «կիսագաղտնի էր»։

Դրա համար ափսոսալն անիմաստ է, ասում է Յուրի Օգանեսյանը, որն այս տարի նշում է ծննդյան 90-ամյակը, քանի որ «կյանքը մեկն է, իսկ ինչ կլիներ, եթե ․․․ սա վերացական խոսակցություն է»։ Ավելին, ֆիզիկայի ոլորտում նրա կյանքն ավելի քան հաջողվել է։

Յուրի Օգանեսյանը բավականին հանգիստ է վերաբերվում այն ​​փաստին, որ այդպես էլ չարժանացավ Նոբելյան մրցանակի, թեև բազմիցս առաջադրվել է։

«Այն, որ ես Նոբելյան մրցանակ չեմ ստանում, նշանակում է, որ այն չի տրվում միջուկային ֆիզիկային»,- կարծում է նա։

Ակադեմիկոսը կարծում է, որ «գիտնական» ձևակերպումը ճիշտ չէ, պետք է ասել՝ «գիտաշխատող»։ Իսկ սա ընդամենը մասնագիտություն է, թեև սպեցիֆիկ, և «հանրությունը չպետք է պահանջի, որ գիտնականները բոլորի նման լինեն»։

Դիտեք NEWS.am Tech-ի հարցազրույցը Յուրի Օգանեսյանի հետ, որում նա պատմում է թե կոնկրետ ինչով է նա զբաղվում Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (գտնվում է Դուբնայում), նշում է, թե ով է, իր կարծիքով, գիտնականը և ունի արդյոք հատուկ առաքելություն, ինչպես նաև խոսում է Հայաստանում գիտության կազմակերպման հնարավոր փոփոխությունների վերաբերյալ իր վերաբերմունքի մասին։


 
 
 
 
  • Արխիվ