iPhone-ի վաճառքը կարող է արգելվել ԵՄ տարածքում․ ի՞նչն է պատճառը

6 մայիսի, 2023  11:23

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թիերի Բրետոնը Apple-ին նախազգուշացրել է, որ եթե ընկերությունը սահմանափակի չհավաստագրված USB-C մալուխների լիցքավորման արագությունը և այլ ֆունկցիոնալությունը, iPhone-ի վաճառքը կարգելվի ԵՄ տարածքում, այս մասին հայտնում է MacRumors-ը։

Ըստ տեղեկությունների՝ 2023-ին Apple-ը կներկայացնի iPhone 15-ը, որը, ի թիվս այլ բաների, կտարբերվի նախորդ սերունդների սմարթֆոններից՝ Lightning-ի փոխարեն ունենալով USB-C միակցիչ։ Apple-ը, ամենայն հավանականությամբ, կկատարի այս փոփոխությունը, որպեսզի ընկերության սարքերը լիովին համապատասխանեն ԵՄ նոր օրենսդրությանը, որն ուժի մեջ կմտնի 2024-ի հոկտեմբերին:

Աքսեսուարների վաճառքից ստացվող շահույթը պահպանելու համար Apple-ը, ըստ լուրերի, թողարկում է USB-C միակցիչով հավաստագրված մալուխներ: Չհավաստագրված մալուխների դեպքում կարող է սահմանափակվել տվյալների փոխանցման արագությունը և փոխանցվող էլեկտրաէներգիայի հզորությունը, ինչը հիմնականում կազդի սմարթֆոնների լիցքավորման արագության վրա։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թիերի Բրետոնը նամակ է ուղարկել Apple-ին, որում զգուշացրել է ընկերությանը, որ եթե սահմանափակի չհավաստագրված սարքերի ֆունկցիոնալությունը, ապա նոր iPhone-ների վաճառքը կարգելվի։ Ճիշտ է, այս արգելքն ուժի մեջ կմտնի միայն նոր օրենսդրության ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն՝ 2024-ի վերջին։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ