Ինչպե՞ս են հաքերները գաղտնալսել AirPods և Beats ականջակալների տերերին

5 մայիսի, 2023  18:25

AirPods և Beats ականջակալներում լուրջ խոցելիություն է եղել, որի պատճառով հաքերները կարողացել են գաղտնալսել օգտատերերին։ Ինչպես տեղեկացնում է MacRumors-ը, Apple-ն այժմ շտկել է այս խոցելիությունը։

Ինչպե՞ս էր աշխատում խոցելիությունը:

Երբ օգտատերը միացնում էր ականջակալը, իսկ վերջինս Bluetooth-ով փնտրում էր հեռախոսը, որին նախկինում զուգակցված էր եղել, հաքերները կարողանում էին հեշտությամբ ստեղծել այդ հեռախոսի կեղծ տարբերակը և մուտք ստանալ ականջակալին, ապա այն օգտագործել ըստ ցանկության, այդ թվում՝ «զոհի» խոսակցությունները լսելու համար:

Այս խնդիրն ազդել է նաև բոլոր AirPods, AirPods Pro և AirPods Max մոդելների վրա, բացառությամբ առաջին սերնդի AirPods-ի: Իր բրենդային աքսեսուարների համար Apple-ը շտկել է խնդիրը 5E133 թարմացման միջոցով, որը թողարկվել էր անցյալ ամիս: Ավելի ուշ ընկերությունն իր ականջակալների համար թողարկել է նաև մեկ այլ թարմացում՝ 5E135, սակայն դեռ տեղեկություններ չկան, թե այս թարմացումն ինչ այլ փոփոխություններ է ենթադրում։

Ինչ վերաբերում է Beats Fit Pro և Powerbeats Pro ականջակալներին, ապա այս սարքերում խնդիրը կշտկի 5B66-ը թարմացումը։

Ե՛վ AirPods-ը, և՛ Beats-ը ավտոմատ կերպով ստանում են թարմացնում, երբ զուգակցված են iOS կամ macOS սարքերի հետ:

Եթե, այնուամենայնիվ, օգտագործում եք Android սարքին միացված ականջակալ, ապա ստիպված կլինեք ձեռքով կատարել Beats թարմացումը համանուն հավելվածի միջոցով: Մինչ այդ, ձեր ականջակալը խոցելի կլինի հաքերների համար, որոնք կարող են լսել ձեր խոսակցությունները։


 
 
 
 
  • Արխիվ