ՄՏԿ-ի շահագործումը կերկարաձգվի. 2030-2031-ին կայանը կհեռացվի Երկրի ուղեծրից

28 ապրիլի, 2023  14:11

Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) գործունեությունը կերկարաձգվի ևս մի քանի տարով. ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի և Եվրոպայի տիեզերական գործակալությունները հայտարարել են, որ  պատրաստակամ են շարունակելու ՄՏԿ-ի շահագործումը մինչև 2030-ը, իսկ ռուսական «Ռոսկոսմոս»-ը հաստատել է ծրագրին իր մասնակցությունը մինչև 2028-ը: 2030-2031 թվականներին կայանը, ամենայն հավանականությամբ, կհեռացվի Երկրի ուղեծրից։

NASA-ն հայտարարել է, որ կշարունակի աշխատել գործընկեր տիեզերական գործակալությունների հետ՝ ապահովելու անխափան ներկայությունը Երկրի ցածր ուղեծրում և ապագայում ՄՏԿ-ից առևտրային տիեզերակայաններին անվտանգ անցումը:

Ինչպես նշել է Վաշինգտոնում NASA-ի կենտրոնակայանի Միջազգային տիեզերակայանի բաժնի տնօրեն Ռոբին Գեյթենսը, ՄՏԿ-ն անհավանական համագործակցություն է գիտության և հետազոտությունների առաջխաղացման ընդհանուր նպատակով, և կայանի օգտագործման ժամկետը երկարացնելը թույլ կտա շարունակել «ավելի մեծ հայտնագործությունների իրագործումը»։

Իր հերթին, NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի գիտության, տիեզերքի և տեխնոլոգիաների հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ, ասել է, որ 2030-2031 թվականներին նախատեսվում է ՄՏԿ-ը դուրս բերել ուղեծրից, քանի որ այն արդեն «հնանում է»։ Հետագայում կայանի բազմաթիվ գործառույթներ կփոխանցվեն մասնավոր ընկերություններին։ Այս ուղղությամբ, ըստ նրա, արդեն աշխատանքներ են տարվում։

Նշենք, որ ՄՏԿ-ը գործարկվել է 1998-ին և գործարկումից ի վեր այնտեղ այցելել է 266 մարդ աշխարհի 20 երկրից։ ՄՏԿ-ում փորձեր է անցկացվում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ երկրագնդի և տիեզերական գիտության, կենսաբանության, մարդու ֆիզիոլոգիայի և ֆիզիկական գիտությունների: Նաև կայանում տեղի են ունեցել տեխնոլոգիաների ցուցադրություններ, որոնք հնարավոր չէ իրականացնել Երկրի վրա: Միկրոգրավիտացիայի պայմաններում հետազոտողները կայանում անցկացրել են ավելի քան 3300 փորձ:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ