Հեռախոսի մարտկոցի պայթյունից Հնդկաստանում 8-ամյա աղջիկ է մահացել

26 ապրիլի, 2023  14:07

Հնդկաստանի հարավում գտնվող Տիրուվիլվամալա գյուղում ութամյա աղջիկը մահացել է իր Redmi Note 5 Pro սմարթֆոնի պայթյունի հետևանքով, այս մասին հայտնում է Asianet News-ը։

«Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ այդ պահին հեռախոսը լիցքավորվելիս չի եղել։ Մահվան պատճառը գերտաքացման հետևանքով բջջային սարքի ներսում մարտկոցի պայթյուն է եղել»,- նշում է պարբերականը։

Ութամյա Ադիթաշրի Կումարի հայրը՝ Աշոկ Կումարը, պատմել է, որ պայթյունի պահին աղջիկը եղել է տանը՝ տատիկի հետ։ Տատիկը ոստիկաններին պատմել է, որ պայթյունի պահին երեխան պառկած է եղել և ծածկված է եղել վերմակով, որի տակ էլ խաղացել է սմարթֆոնով։ Տատիկը մի պահ գնացել է խոհանոց, այնուհետև լսել է պայթյուն և հետ գալով՝ անկողնու վրա տեսել է վիրավոր թոռնուհուն։

Փորձագետների կարծիքով՝ գերտաքացումն առաջացել է այն պատճառով, որ հեռախոսը եղել է վերմակի տակ։ Աղբյուրը նաև նշում է, որ հեռախոսի մարտկոցը դեֆորմացված է եղել։ Պայթած հեռախոսի բեկորները հավաքվել են մանրամասն ուսումնասիրության համար։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Օհայո նահանգի տներից մեկում այս տարվա հունվարին լիցքավորման դրված iPhone 4-ը բռնկվել էր այն ժամանակ, երբ ողջ ընտանիքը քնած էր եղել։ Խոհանոցում տեղադրված տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է բռնկվելուց քիչ անց հրդեհն ինքն իրեն մարվում։ Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, ոչ ոք չէր տուժել։

Լիթիում-իոնային մարտկոցները լայնորեն են օգտագործվում էլեկտրոնիկայում, և հազվադեպ է պատահում, որ մարտկոցները բռնկվեն, բայց երբեմն վերալիցքավորվող մարտկոցները գերտաքանում են և բռնկվում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ