Google-ի ղեկավարն անցյալ տարի $226 մլն է վաստակել՝ 800 անգամ շատ, քան ընկերության միջին աշխատողը

24 ապրիլի, 2023  16:25

Google-ի ղեկավար Սունդար Պիչայը անցյալ տարի 226 մլն դոլար է վաստակել, այս մասին հայտնի է դարձել Google-ի մայր ընկերության՝ Alphabet կորպորացիայի հաշվետվությունից։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այս եկամուտը ավելի քան 800 անգամ գերազանցում է Google-ի միջին աշխատակցի տարեկան միջին եկամուտը։

Աղբյուրը պարզաբանում է, որ կորպորացիայի ղեկավարի բազային աշխատավարձը չի փոխվել 2020-ից ի վեր և այն չի գերազանցում տարեկան 2 մլն դոլարը։ Սակայն հոլդինգի ղեկավարը Alphabet-ի բաժնետոմսերի տեսքով վերջին մեկ տարվա ընթացքում ստացել է 218 մլն դոլար, ևս 6 մլն դոլար նա ստացել է որպես սեփական անվտանգության ապահովման ծախսերի փոխհատուցում։

Ըստ Alphabet-ի հրապարակված հաշվետվության՝ կորպորացիայի ղեկավար կազմի շատ աշխատողներ անցյալ տարի բաժնետոմսերի տեսքով ստացել են 22-ից մինչև 35 մլն դոլար։ Պիչայն այս առումով փաստացի մի քանի անգամ առաջ է իր կոլեգաներից։

Հիշեցնենք, որ անցյալ տարվանից ՏՏ ոլորտի հսկաներն սկսել են զանգվածային կերպով կրճատել իրենց աշխատակիցների թիվը։ Alphabet-ը հունվարին հայտարարել էր, որ աշխատանքից կազատի 12,000 մարդ:

Ապրիլի սկզբին ընկերության ֆինանսական տնօրեն Ռութ Փորատը հայտարարել էր, որ Google-ը կսկսի գումար խնայել նաև աշխատակիցներին նոութբուքներ և փոխհատուցման փաթեթի այլ տարրեր տրամադրելու հաշվին: Թեև դեռ դժվար է ասել, թե խնայողության ինչ միջոցներ, ի վերջո, կվերաբերեն Google-ի բարձրագույն ղեկավարությանը։

Ի դեպ, մի քանի այլ կորպորացիաներում ղեկավար կազմը հայտարարել է, որ խնայողությունների շրջանակում կհրաժարվի իր եկամտի մի մասից: Օրինակ՝ Intel-ի ղեկավարները հայտարարել են, որ վեց ամսով կհրաժարվեն բոնուսների մի մասից, իսկ Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկն այս տարի կստանա 49 մլն դոլար՝ 50%-ով պակաս, քան մեկ տարի առաջ:


 
 
 
 
  • Արխիվ