SADA-ի մասնագետները գտել և Google Cloud-ին օգնել են վերացնել խոցելիությունը, որից կարող էին շատ հաճախորդներ տուժել

21 ապրիլի, 2023  21:32

SADA-ի՝ ամպային անվտանգության մասնագետները հայտնաբերել և Google Cloud-ին օգնել են շտկել Google Cloud Platform-ի նոր թերությունը, որը կարող էր ամպային միջավայրում հանգեցնել անվտանգության խախտումների։ Այս մասին LinkedIn-ի իր էջում նշել էր SADA-ի նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը

«Պաշտպանել հաճախորդների տվյալներն ամպում՝ նշանակում է հայտնաբերել խոցելիություն, որն ազդում է ոչ միայն մեկ հաճախորդի, այլ բազմաթիվ ձեռնարկությունների և ոլորտների վրա»,- թեմայի վերաբերյալ նշված է SADA-ի բլոգում

Խոցելիությունը գտնվել է Google Cloud Platform API-ում, որը հայտնի է որպես Cloud Asset Inventory API: SADA-ում աշխատող ամպային անվտանգության մասնագետները պարզել էին, որ խոցելի էին դարձել Google Cloud-ի բոլոր հաճախորդները, որոնք միացրել էին այս API-ը և որոնք ստացել էին Google Cloud միջավայրում կիրառելի cloudasset.assets.searchAllResources թույլտվությունները։

«Ոչ մի հանրային ամպ պաշտպանված չէ խոցելիությունից, և մենք բոլորս պետք է գործենք արագ, բաց լինենք համագործակցության համար և թափանցիկ հաղորդակցվենք միմյանց հետ, երբ նկատում ենք որևէ խոցելիություն: Մենք ողջունում ենք Google Cloud-ի արագ և մանրակրկիտ արձագանքը այն բանից հետո, երբ հայտնեցինք այս վրիպակի մասին: Ուրախ ենք, որ SADA-ի ինժեներների աշխատանքի շնորհիվ ապահովվում է մեր հաճախորդների տվյալների անվտանգությունը», - նշել է SADA-ի գլխավոր տեխնիկական տնօրեն Մայլս Ուորդը:

Հրապարակված նյութում նաև ընդգրկված են հաճախ տրվող հարցերի պատասխաններ այն մասին, թե արդյոք անվտանգ է ամպային տիրույթը, թե ինչ պետք է անեն բիզնեսները՝ խոցելի չլինելու համար և այլն:   

Ավելի վաղ SADA-ի թիմն իր բլոգում պատրաստել էր մանրամասն նյութ, որտեղ ինժեներները կգտնեն ավելի շատ տեղեկություններ խոցելիության և մասնագետների կողմից այն վերացնելու մասին։

Ի դեպ, SADA-ն նաև հայտարարել է, որ իր անվտանգության թիմը հասանելի է ցանկացած ծավալի ու ոլորտի կազմակերպություններին՝ ամպային անվտանգության ուղեցույց առաջարկելու համար: 

SADA-ն պրոֆեսիոնալ ծառայությունների առաջատար և Google Cloud-ի լուծումները մատակարող մրցանակակիր ընկերություն է: Ունենալով թիմեր Հյուսիսային Ամերիկայի, Հնդկաստանի, Հայաստանի գրասենյակներում՝ SADA-ն դիրքավորվել է այնպես, որ կարողանա ամենուր մոտ լինել իր հաճախորդներին՝ իրենց թվային փոխակերպման ճանապարհին:

SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 5 տարի անընդմեջ, ունի Google Cloud-ի 10 մասնագիտացում և հաճախորդներին սպասարկելու լավագույն փորձ։ Ընկերությունը 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների և երեք տարի անընդմեջ՝ Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակներում։ 


 
 
 
 
  • Արխիվ