iPhone 15 Pro-ն և 15 Pro Max-ը չեն ստանա այդքան քննարկված նոր տեխնոլոգիան

12 ապրիլի, 2023  19:43


iPhone 15 Pro և Pro Max մոդելները չեն ստանա նոր տեխնոլոգիաներից մեկը, որը վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում էր։ Խոսքը ձայնի կարգավորման կողային մեկ ամբողջական սենսորային կոճակի մասին է, փոխարենը դրանք կստանան սովորական կոճակներ։

Tianfeng International-ի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն Wccftech.com-ի հետ զրույցում ասել է, որ Apple-ն առայժմ հրաժարվել է այդ գաղափարից՝ տեխնիկական խնդիրների պատճառով:

«Իմ վերջին հարցումը ցույց է տալիս, որ զանգվածային արտադրությանն ընդառաջ չլուծված տեխնիկական խնդիրների պատճառով երկու բարձրակարգ՝ iPhone 15 Pro մոդելների (Pro և Pro Max) դեպքում կհրաժարվեն մեկ միասնական սենսորային կոճակից և կվերադառնան ավանդական ֆիզիկական կոճակների դիզայնին»,- ասել է նա։  

Աղբյուրը նշում է, որ սա դեռ չի նշանակում, որ Apple-ը նմանատիպ կոճակներ չի կիրառի հաջորդ տարի ներկայացվելիք հեռախոսներում։ Ըստ պարբերականի՝ իրականում գուցե այս նորությունը շատերին դուր գա, քանի որ բոլորովին անհասկանալի էր, թե որքան հարմար կլիներ օգտագործել նոր կոճակները։

Նշենք, որ ավելի վաղ չինական Douyin սոցիալական ցանցում հրապարակվել է տեսանյութ, որում առաջին անգամ ցուցադրվում է iPhone 15 Pro-ի մակետը, որն ստեղծվել է պատյաններ պատրաստողների համար՝ սարքի ճշգրիտ գծագրերի հիման վրա: Տեսանյութում երևում էր, որ iPhone 15 Pro-ն կստանա ձայնի կառավարման մեկ միասնական ու սենսորային կոճակը՝ նախկին երկու առանձին կոճակների փոխարեն։

Բացի դրանից, տեսանյութից պարզ է դառնում, որ iPhone 15 Pro-ն կունենա ավելի կլորացված կորպուս, նոր կոճակներ, USB-C պորտ և, ըստ ստուգված ինսայդերների, տիտանե շրջանակ:

Տեսանյութը հրապարկել էր ShrimpApplePro անունով աղբյուրը, որն առաջինն էր, որ մեկ տարի առաջ հրապարակեց iPhone 14 սմարթֆոնների շարքի մակետների լուսանկարները, որոնք, ինչպես ավելի ուշ պարզվեց, լիովին ճշգրիտ էին:


 
 
 
 
  • Արխիվ