Ի՞նչ հետազոտական համալսարան է ցանկանում ստեղծել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան

24 մարտի, 2023  20:24

Հայաստանի ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հիման վրա ստեղծվող գիտահետազոտական համալսարանի հիմնական նպատակը գիտության համար կադրեր պատրաստելն է։ Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ զարգացման ծրագրերի պատասխանատու Սամվել Կարաբեկյանը։

«Մեր հիմնական աշխատաշուկան գիտական ոլորտն է, հիմնականում՝ ԳԱԱ համակարգի գիտական ինստիտուտները։ Գիտական կադրերի համալրման խնդիրը տարիներ շարունակ արդիական է մնում՝ կադրերի ծերացման, միջին տարիքի գիտնականների պակասի, գիտական ներուժի անբավարար վերարտադրման պատճառով։ Եվ հետազոտական համալսարան ստեղծելու հիմնական նպատակը գիտահետազոտական գործունեությամբ զբաղվելու ունակ կադրեր պատրաստելն է»,- ասաց նա։

Ի՞նչ է Հետազոտական համալսարանը

Ինչպես պարզաբանեց Սամվել Կարաբեկյանը, ըստ դասական դասակարգման, համալսարանների երկու տեսակ կա՝ դասավանդական (teaching) և հետազոտական (research)։ Հայաստանում գործող բուհերն իրենց կրթական ծրագրերի կառուցվածքով, կրթության կազմակերպման կիրառվող մոդելով հիմնականում դասավանդական են։ Հետազոտական համալսարանը կրթական, գիտական և ինովացիոն գործունեության միասնականության սկզբունքի վրա գործող և բարձրագույն ուսումնական հաստատության ու գիտական կազմակերպության գործառույթները զուգակցող գիտակրթական կազմակերպություն է, որը մասնավորապես կրթական ծրագրերն իրականացնում է ակտիվ գիտական միջավայրում, պահանջարկի վրա հիմնված կրթություն է կազմակերպում՝ ճկուն գիտակրթական ծրագրերով, ուսանողների համակազմը ձևավորում է գիտահետազոտական գործունեության համար պատրաստ շրջանավարտներ ունենալու նպատակադրմամբ, այդ թվում՝ միջազգային, առաջին հերթին`տարածաշրջանի պահանջարկը հաշվի առնելով։

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

1997-ից Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում գործում է Միջազգային գիտակրթական կենտրոնը, որն իրականացնում է մագիստրոսական և ասպիրանտական ծրագրեր՝ համագործակցելով Ակադեմիայի գիտահետազոտական հաստատությունների հետ։

2021-2022 ուսումնական տարում Կենտրոնում կազմակերպվել է 558 մագիստրանտի և ավելի քան 120 ասպիրանտի կրթությունը: «Սակայն կրթական ծրագրերը, որոնցով աշխատում է կենտրոնը, առանձնապես չեն տարբերվում ՀՀ բարձրագույն կրթության համակարգի հաստատությունների համար տիպիկ դասընթացահենք ծրագրերից՝ ուսանողների անհատական հետագծերի սահմանափակ հնարավորություններով»,- ասաց նա։

Հետազոտական համալսարանի ճանապարհին

Սամվել Կարաբեկյանի խոսքով, հետազոտական տեսակի կրթական ծրագրերին անցումը նոր մարտահրավերներ կառաջացնի, մասնավորապես որոշակիորեն կկրճատվի ուսանողների թիվը։ «Եթե մենք մտադիր ենք գիտական աշխատողներ պատրաստել, ապա պետք է հասկանանք, որ դա ստեղծագործական աշխատանք է, որի համար պետք է ունենալ համապատասխան ունակություններ, ինչպես, օրինակ, ստեղծագործական այլ ոլորտներում՝ երաժշտության կամ արվեստի մյուս բնագավառներում։ Այդպիսի մոտեցումը անհրաժեշտ պայման է հետազոտահենք որակյալ կրթություն կազմակերպելու համար»,- ասաց նա։

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ այս ուսանողները պետք է պատրաստ լինեն աշխատելու հետազոտական միջավայրում։ Այսինքն՝ յուրաքանչյուր ուսանող՝ մագիստրանտ, ասպիրանտ պետք է կրթություն ստանա իրական հետազոտական միջավայրում՝ սովորելով հետազոտության միջոցով և լինելով ոչ միայն գիտելիք սպառող, այլ նաև գիտելիք ստեղծող։

«Իհարկե, հումանիտար գիտություններով զբաղվող ուսանողների համար կրթական ծրագրերը պետք է ավելի շատ դասընթացների վրա հիմնված լինեն, բայց դրանք դասական առումով դասախոսություններ չպիտի լինեն, այլ հիմնված լինեն ակտիվ ուսումնառության մոտեցման վրա, երբ լսարանը լիովին ներգրավված է գործընթացում, այլ ոչ թե պասիվ ունկնդրի դերում է՝ զարգացնելով քննախույզ մտածելակերպ և հետազոտական հմտություններ»,- ասաց նա։

«Համալսարանի գործունեությունը պետք է նպաստի, որ գիտության ոլորտը գրավիչ լինի երիտասարդների համար, և դա այժմ հնարավոր է դարձել գիտության ֆինանսավորման վերջին աճի շնորհիվ»,- նշեց նա։

Գիտությունը ոչ միայն ստեղծագործություն է, այն յուրահատուկ մտածելակերպ է, և շատերը, ովքեր հակված են նման գործունեության, կնախընտրեն զբաղվել գիտությամբ, եթե կարիերայի աճի և միջազգային համագործակցության, աշխարհի հետ գիտական գործունեության միջոցով հաղորդակցվելու հստակ հնարավորություն տեսնեն:

Սամվել Կարաբեկյանի խոսքով՝ հետազոտահենք ծրագրերում կա նաև ուսանողների ձեռքբերումների գնահատման համակարգի փոփոխության խնդիր։ Ուսանողների գնահատումը նման ծրագրերում կազմակերպվում է տվյալ գիտական ուղղության մեջ ընդունված գնահատման ընթացակարգերի եղանակներով»,- ասաց նա՝ հավելելով, որ դրա համար պետք է փոխել բոլորի՝ և՛ ուսանողների, և՛ դասախոսների մտածողությունը, և՛ դասախոսները լուրջ վերապատրաստում պետք է անցնեն:

Նա հավելեց, որ խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն, բազմաթիվ են, սակայն ինքը հույս ունի, որ դա կհաջողվի անել ողջամիտ ժամկետներում։

Գիտահետազոտական ինստիտուտների դերը

Սամվել Կարաբեկյանի խոսքով՝ Ակադեմիայի համակարգի գիտահետազոտական ինստիտուտները, և ոչ միայն դրանք, կկարողանան որոշակի գիտական ուղղություններով կադրեր պատրաստելու պատվեր կազմել, որոնց համար կրթություն կկազմակերպվի համալսարանում՝ դրանով իսկ անցնելով պահանջարկով պայմանավորված կրթական մոդելին։

Հետազոտական համալսարանի ստեղծման փուլերը

Սամվել Կարաբեկյանը նշեց, որ հետազոտական համալսարան ստեղծելու հարցը քննարկվել է Ակադեմիայի նախագահության անդամների, գիտահետազոտական ինստիտուտների տնօրենների հետ։ Այժմ ԳԱԱ նախագահի հրամանով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կմշակի հետազոտական համալսարանի մոդելը և դրա իրագործման եղանակը։

«Սկզբնական փուլում կսկսենք պիլոտային ծրագրերի իրականացումից, կլուծենք հընթացս ծագած խնդիրները։ Կրթական ծրագրերը պետք է հիմնված լինեն գիտական ինստիտուտների առաջնահերթ ու արդիական նախագծերի վրա, որոնք առավել պահանջարկ ունեն համալրվելու մասնագետներով»,- ասաց նա:

Ֆինանսավորման աղբյուրները

Սամվել Կարաբեկյանը Հետազոտական համալսարանի ֆինանսավորման մի քանի աղբյուրներ է տեսնում՝ դա և՛ պետությունն է, և՛ գիտական հաստատությունները, ինչպես նաև միջազգային տարատեսակ ծրագրերը։ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հիմա էլ ակտիվորեն համագործակցում է միջազգային գործընկերների, մասնավորապես՝ «Էրազմուս+» ծրագրի հետ։

«Մենք կարող ենք նաև տարածաշրջանային խաղացող դառնալ և արտասահմանից, տարածաշրջանի երկրներից ուսանողներ ընդունել՝ պատրաստելով նրանց գիտահետազոտական գործունեության»,- ասաց նա։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ