iPhone 15 Pro-ն ձայնի կարգավորման սենսորային կոճակներ կունենա․ համացանցում նոր լուսանկարներ են հրապարակվել

21 մարտի, 2023  12:13

ShrimpApplePro անունով Twitter-ի օգտատերը հրապարակել է iPhone 15 Pro-ի նոր ռենդերային լուսանկար, որտեղ հստակ երևում են ձայնի կարգավորման սենսորային կոճակները, այս մասին տեղեկացնում է 9To5Mac պարբերականը, որը ինսայդեր ShrimpApplePro-ին վստահելի աղբյուր է համարում:

Ուշագրավ է, որ ի տարբերություն նախորդ iPhone-ների, նոր մոդելն ունի ձայնի մեկ ընդհանուր կոճակ, այլ ոչ թե երկու առանձին կոճակներ։ Բացի դրանից, ձայնի կարգավորման կոճակի կողքին ռենդերային լուսանկարում երևում է ևս մեկ կոճակ, որը հավանաբար ձայնն ամբողջությամբ խլացնելու համար է։ Այս կոճակը, ըստ երևույթին, նույնպես սենսորային կլինի:

Լուսանկարում ևս մեկ հետաքրքիր դետալ է երևում, որը գրավել է 9To5Mac-ի ուշադրությունը․ խոսքը տեսախցիկի բլոկի հատվածի մասին է: Կայքը նշում է, որ այն հեռախոսի կորպուսից շատ դուրս չի ցցվի, որքան iPhone 14 Pro-ի և ավելի հին մոդելների պարագայում է։

9To5Mac-ը նաև նշել է, որ iPhone 15-ի և iPhone 15 Plus-ի բազային մոդելները կստանան ձայնի և միացման մեխանիկական կոճակներ:

iPhone 15 Pro render  2 (1).jpg (85 KB)

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ iPhone 15 Pro-ն Lightning միակցիչի փոխարեն կունենա հիմնական USB-C, կփոխվի ապակու և շրջանակի եզրերի կորությունը․ ապակին մի փոքր թեքված կլինի եզրերի շուրջը՝ ավելի հարթ անցում ապահովելով դեպի շրջանակը, որը նույնպես ավելի կոր կլինի, քան նախկին մոդելների դեպքում։ Դրա շնորհիվ հեռախոսը ձեռքում պահելը կարող է ավելի հարմարավետ դառնալ։

iPhone 15 Pro render  2 (2).jpg (108 KB)

Բացի դրանից, հաղորդվում էր, որ iPhone 15 Pro-ն կստանա էկրանի նորացված դիզայն՝ ավելի բարակ շրջանակներով: Էկրանը նաև նախորդների համեմատ ավելի պայծառ կլինի։

Նշենք, որ iPhone 15 շարքի սմարթֆոնների թողարկումն ակնկալվում է այս տարվա սեպտեմբերին։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ