Մեկնարկել է «Հաւք 2023» ԱԹՍ մրցույթի հայտերի ընդունման փուլը

17 մարտի, 2023  14:26

2023 թ․ սեպտեմբերին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կանցկացվի երրորդ ամենամյա «Հաւք» ԱԹՍ մրցույթը, որի հայտերի ընդունում արդեն մեկնարկել է, այս մասին տեղեկացնում է Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը։

Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակ թիմեր, սիրողական և ավագ դպրոցական թիմեր ու մասնագիտացած ընկերություններ։ Այս տարի մրցույթին առաջադրվող խնդիրներն են՝ տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, բեռների առաքում, խոչընդոտների հաղթահարում և հեղուկ նյութերի սփռում։

Մրցույթի մասնակցության հայտերը հասանելի են ֆեյսբուքյան պաշտոնական էջում նշված հղմամբ և ընդունվում են մարտի 16-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում։

«Բոլոր հետաքրքրված ընկերություններին հրավիրում ենք միանալ միջոցառման համատեղ անցկացմանը Լեռնապատում՝ աջակցելով Հայաստանի ապակենտրոն տեխնոլոգիական զարգացմանը»,- ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանը։

Մրցույթի կազմակերպիչն է Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը, գործընկերներն են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Արտակարգ իրավիճակների նախարարությունները, Հայաստանի ամերիկյան համալսարանը և «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում