Axiom Space ընկերությունը ներկայացրել է տիեզերական կոստյումի նախատիպը, որն ԱՄՆ տիեզերագնացները կկրեն Artemis III առաքելության (նախատեսված է 2025 թ.) շրջանակում Լուսին թռչելիս: Նոր սկաֆանդրն ավելի ճկուն կլինի և ավելի լավ կպաշտպանի տիեզերագնացներին տիեզերքի խիստ պայմաններից։ Ավելի քան 50 տարի Apollo առաքելությունների տիեզերագնացները կրել են NASA-ի տիեզերական կոստյումները: Այնուամենայնիվ, 2022 թ․ NASA-ն տիեզերական զբոսաշրջության և տիեզերական տեխնոլոգիաների Axiom ընկերությանը պատվիրեց հաջորդ սերնդի սկաֆանդրեր պատրաստել լուսնային ապագա առաքելությունների համար: Այս պատվերի համար գործակալությունը վճարել է 228,5 մլն դոլար՝ 1,26 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակում:
Axiom-ի մասնագետները որպես հիմք են վերցել NASA-ի ինժեներների մշակած դասական xEMU (Extravehicular Mobility Unit) տիեզերական կոստյումը, բայց փոփոխել են այն, որպեսզի այն ապահովի «շարժունակություն բաց տիեզերքում»։ Դա արտացոլված է նաև դրա անվան մեջ՝ AxEMU (Axiom Extravehicular Mobility Unit): Նոր սկաֆանդրը պետք է լինի ավելի ճկուն և ապահովի ավելի լավ պաշտպանություն տիեզերքի դաժան պայմաններում: Այն նաև պետք է հագեցած լինի մասնագիտացված որոշ գործիքներով՝ նախատեսված գիտական հետազոտությունների համար:
«Մենք շարունակում ենք NASA-ի ժառանգությունը՝ մշակելով առաջադեմ տիեզերական հանդերձանք, որը տիեզերագնացներին թույլ կտա անվտանգ և արդյունավետ գործել Լուսնի վրա,- ասել է Axiom Space-ի նախագահ և գործադիր տնօրեն Մայք Սաֆրեդինին,- Այն պատրաստ կլինի լուծել բարդ խնդիրներ Լուսնի հարավային բևեռում և կօգնի ընդլայնել մեր պատկերացումները Երկրի արբանյակի մասին»:
Սաֆրեդինին վստահ է, որ նոր AxEMU հանդերձանքը տիեզերագնացներին հնարավորություն կտա ուսումնասիրել ավելի շատ լուսնային մակերես, քան երբևէ:
Տիեզերական կոստյումները, որոնք տիեզերագնացները կկրեն Լուսին թռչելիս, կունենան սպիտակ ծածկույթ, որն արտացոլում է ջերմությունը և պաշտպանում ծայրահեղ շոգից և արևի ճառագայթումից: Այնուամենայնիվ, հանրությանը ցուցադրված նախատիպը պատրաստվել է կապույտ, սև և նարնջագույն՝ Axiom-ի ֆիրմային գույներով։ Սկաֆանդրը նախագծված է այնպես, որ այն կարող են կրել անձնակազմի տարբեր անդամներ՝ անկախ սեռից և ֆիզիկական տվյալներից։
Տիեզերական նոր կոստյումը նախագծելու համար ընկերությունը ներգրավել է դիզայներ Էսթեր Մարքիսին, որն զբաղվում է գիտաֆանտաստիկ հեռուստասերիալների համար հագուստի դիզայնով: Աշխատանքներում ներգրավվել են նաև տիեզերական արդյունաբերության ոլորտում մեծ փորձ ունեցող մի շարք ընկերություններ, այդ թվում՝ KBR-ը, Air-Lock-ը, Arrow Science and Technology-ն, David Clark Company-ն, Paragon Space Development Corporation-ը, Sophic Synergistics-ը և APT Research-ը:
Axiom-ը նոր կոստյումները կտրամադրի վարձով։ Ակնկալվում է, որ ընկերության մասնագետները նաև տիեզերագնացներին կսովորեցնեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ տիեզերական հանդերձանքի մասին, ինչպես նաև իրական ժամանակում աջակցություն կտրամադրեն։
Հիշեցնենք, որ Artemis I լուսնային առաքելությունը հաջողությամբ ավարտվեց 2022 թ. դեկտեմբերին. դրա շրջանակում Orion տիեզերանավը պտտվեց Լուսնի շուրջը, վերադարձավ Երկիր և վայրէջք կատարեց Խաղաղ օվկիանոսում:
Artemis II առաքելությունը նախատեսված է 2024 թ․ մայիսին. դրա շրջանակում տիեզերագնացները կթռչեն Լուսնի ուղեծիր, բայց դեռ չեն իջնի Լուսնի մակերեսի վրա։
Artemis III առաքելության մեկնարկը նախատեսված է 2025 թ․ դեկտեմբերին։ Այս առաքելության համար NASA-ն ընտրել է SpaceX-ի Starship տիեզերանավը, որը պետք է վայրէջք կատարի Լուսնի հարավային բևեռի շրջանում, ընդորում՝ անձնակազմով: Լուսին մեկնող տիեզերագնացների թվում կլինի նաև կին։
Լուսնի վրա երկրորդ վայրէջքը պլանավորվում է արդեն 2027 թ․, որին հավանաբար կմասնակցեն նաև գործընկեր երկրների, այդ թվում՝ Ճապոնիայի և ԵՄ տիեզերագնացները:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում