Շվեդ գիտնականների հայտնագործությունը կարող է բեկում մտցնել կենդանի օրգանիզմներում անկենդան նյութ փոխպատվաստելու ոլորտում և հանգեցնել մեքենայի և մարդու իրապես ամբողջական ինտեգրմանը: Ինչպես տեղեկացնում է Newatlas.com-ը, գիտնականների մշակած նոր տեխնոլոգիան թույլ է տալիս Էլեկտրոդների ցանց ստեղծել անմիջապես բջիջներում և կենդանի հյուսվածքներում՝ օգտագործելով կենսաբանական շինանյութ:
Լինկյոփինգի, Լունդի և Գյոթեբորգի համալսարանների գիտնականներին երկարամյա հետազոտության ընթացքում հաջողվել է ստեղծել գել, որը պարունակում է հատուկ ֆերմենտներ «հավաքման մոլեկուլներով»։ Այդ գելի ներարկումը կենդանի հյուսվածքներ առաջացնում է կենդանի օրգանիզմներում հաղորդիչ էլեկտրոդներ ձևավորելու համար անհրաժեշտ ռեակցիաներ: Այս դեպքում ոչ մի արտաքին ազդեցություն կամ գեների փոփոխություն չի պահանջվում, և սա առաջին նման հաջող փորձն է հետազոտությունների ողջ պատմության ընթացքում։
Էլեկտրոնային սխեման օրգանիզմում ստեղծվում է գրեթե բնական ճանապարհով և օրգանիզմի վրա վնասակար ազդեցություն չի ունենում։ «Մի քանի տասնամյակ մենք փորձում ենք ստեղծել էլեկտրոնիկա, որը նմանակում է կենսաբանությանը,- ասել է Լինկյոփինգի համալսարանի պրոֆեսոր Մագնուս Բերգգրենը,- Այժմ մենք թույլ ենք տալիս, որ կենսաբանությունը մեզ համար էլեկտրոնիկա ստեղծի»:
Լինկյոփինգի համալսարանի օրգանական էլեկտրոնիկայի լաբորատորիայի (LOE) գիտաշխատող Քսենոֆոն Ստրակոսասն ասել է, որ մարմնի նյութերի հետ շփումը փոխում է գելի կառուցվածքը և դարձնում այն էլեկտրական հաղորդունակ, ինչպիսին այն չէր ներարկումից առաջ: «Կախված հյուսվածքից՝ մենք կարող ենք նաև հարմարեցնել գելի բաղադրությունը՝ էլեկտրական պրոցեսը սկսելու համար»,- վստահեցրել է նա։
Պարբերականը նշում է, որ ներկայացված մշակումը հիմք կարող է դառնալ կենդանիների և մարդկանց օրգանիզմում էլեկտրոնային բաղադրիչների ինտեգրման մոտեցումներում ապագայում հիմնարար փոփոխությունների համար: Բժշկական տեսանկյունից հայտնագործությունը հուսադրող է նյարդաբանական ծանր հիվանդությունների բուժման համար։ Խոսքը ինչպես ախտահարված հյուսվածքների խթանման, այնպես էլ դրանք համակարգչային հարթակներով փոխարինելու մասին է։
Ուսումնասիրությունը հրապարակվել է Science գիտական ամսագրում։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում