Արդյո՞ք AI-տվյալների կենտրոնները ջուր են օգտագործում հովացման համար: Ինչ է տեղի ունենում Firebird-ի և այլ կենտրոններիներսում

10 օգոստոսի, 2026  13:58

Խոշոր տվյալների կենտրոնները (data center), որոնց վրա աշխատում են արհեստական բանականության ժամանակակից համակարգերը, պահանջում են հսկայական քանակությամբ էներգիա, իսկ դրա հետ մեկտեղ առաջանում է նաև մեկ այլ հարց․ որքա՞ն ջուր է անհրաժեշտ դրանց հովացման համար:

YerevanN-ի տնօրեն Հրանտ Խաչատրյանի խոսքով՝ Firebird AI-ֆաբրիկայի, Eleveight տվյալների կենտրոնի և Երևանի պետական համալսարանի տվյալների կենտրոնի հովացման համակարգերում ընթացիկ հովացման համար խմելու ջուր չի օգտագործվում:

Նրա բացատրությամբ՝ համակարգը լցվում է հատուկ հեղուկով՝ գլիկոգելով, որի կազմի մի մասը կազմում է թորած ջուրը: Ընդ որում, հեղուկը համակարգի մեջ լցվում է մեկ անգամ, իսկ հետո տարիներ շարունակ շրջանառվում է փակ շղթայով:

«Հովացման համակարգում ՄԵԿ ԱՆԳԱՄ լցվում ա հատուկ հեղուկ՝ գլիկոգել, որի բաղադրության մի մասը թորած ջուր ա (խմելու ջուր չի): Եվ վերջ: Այդ նույն հեղուկը շրջանառվում ա տարիներով», — բացատրում է Խաչատրյանը:

Ընդ որում, խոսքը քաղաքային ջրամատակարարման համակարգի ջրի մասին չէ: Խաչատրյանի խոսքով՝ տվյալների կենտրոնի համակարգը լցնելիս հեղուկը բերում են հատուկ տարաներով և մղում անմիջապես հովացման կոնտուրի մեջ:

Պարբերաբար անհրաժեշտ է ստուգել հեղուկի կազմը: Մասնավորապես, Խաչատրյանի խոսքով, խտությունը ստուգում են մոտավորապես հինգ տարին մեկ անգամ, քանի որ ժամանակի ընթացքում հեղուկի բնութագրերը կարող են փոխվել և դրան կարող է ճշգրտում պահանջվել:

Որքա՞ն հեղուկ կա համակարգում

Մասշտաբը հասկանալու համար Խաչատրյանը բերում է Երևանի պետական համալսարանի տվյալների կենտրոնի օրինակը: Նրա գնահատմամբ՝ դրա հովացման համակարգում շրջանառվում է մոտ 1–2 տոննա հատուկ հեղուկ:

Firebird-ի դեպքում ծավալը, նրա խոսքով, մոտ հարյուր անգամ ավելի մեծ է:

Սա նշանակում է, որ խոսքը հեղուկի զգալի քանակության մասին է, սակայն սկզբունքային պահն այն է, որ այն գտնվում է փակ համակարգում և մշտապես շրջանառվում է դրա Ներսում, այլ ոչ թե ծախսվում՝ հովացման ավանդական համակարգերի ջրի նման:

«Օգտագործման ընթացքում էդ տարածք նոր ջուր չի մտնում, խմելու ջրի խողովակ մոտիկ չի գալիս», — ասում է Խաչատրյանը:

Նա նաև նշում է, որ նույնիսկ Երևանի պետական համալսարանի տվյալների կենտրոնի հրդեհաշիջման համակարգը սովորական ջուր չի օգտագործում:

Պատճառը պարզ է․ նման օբյեկտների համար ջուրն ինքնին կարող է լուրջ ռիսկերի աղբյուր դառնալ, նախևառաջ՝ թանկարժեք էլեկտրոնային սարքավորումների համար:

Ընդ որում, կարևոր է տարբերակել համակարգի ներսում գտնվող հեղուկի ծավալը և ջրի ծախսը: Փակ կոնտուրում մեծ քանակությամբ հեղուկի առկայությունը չի նշանակում, որ խմելու ջրի նույնքան քանակություն մշտապես սպառվում է տվյալների կենտրոնի կողմից:

Խաչատրյանի խոսքով՝ հենց այդ պատճառով էլ պնդումը, թե նման AI-կենտրոնների աշխատանքը հովացման համար խմելու ջրի մշտական օգտագործում է պահանջում, չի համապատասխանում իր կողմից նկարագրված համակարգերի աշխատանքի սկզբունքին:

Firebird-ի դեպքում հովացման համակարգի ճշգրիտ տեխնիկական պարամետրերը և ջրի դրա փաստացի ծախսը պահանջում են առանձին հաստատում տվյալների կենտրոնի օպերատորի կողմից: Սակայն, ներկայացված նկարագրության համաձայն, հովացման համակարգն ինքնին աշխատում է փակ կոնտուրով, այլ ոչ թե խմելու ջրի մշտական վերցման հաշվին:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում