Չորս րոպե, որոնք կարող են փոխել ստարտափի ճակատագիրը. Ինչպես պատրաստել պիտչ, որն իրոք կլսեն

1 օգոստոսի, 2026  11:32

Ստարտափների մեծ մասն ունի ընդամենը մի քանի րոպե՝ ներդրողին, ապագա հաճախորդին կամ պոտենցիալ գործընկերոջը հետաքրքրելու համար: Այդ ընթացքում պետք է բացատրել, թե ինչ խնդիր է լուծում ընկերությունը, ինչու է հենց նրա լուծումն արժանի ուշադրության և ինչու է հենց այս թիմն ընդունակ գաղափարը կյանքի կոչելու: Հենց այդ պատճառով կարճ և համոզիչ ներկայացումներ (պրեզենտացիաներ) անելու ունակությունը դառնում է ձեռնարկատիրոջ կարևորագույն հմտություններից մեկը:

Seaside Startup Summit Armenia 2026-ին ինկուբացիոն ծրագրի մասնակիցները պատրաստվում են եզրափակիչ ելույթին, որի տևողությունը ընդամենը չորս րոպե է: ESMT Berlin բիզնես-դպրոցին կից Vali Berlin ձեռնարկատիրական կենտրոնի Program Manager և Venture Builder Խուանիտա Կորեդորն օգնում է նրանց այդ հարցում:

Նրա խոսքով՝ լավ պիտչը ամենևին էլ չի սկսվում սլայդներից:

Սկզբում պետք է հասկանալ, թե ում առջև եք ելույթ ունենում

Առաջին հարցը, որը ձեռնարկատերը պետք է տա ինքն իրեն՝ ով է գտնվում լսարանում: Չէ՞ որ ներդրողները, պոտենցիալ հաճախորդները, ապագա աշխատակիցները կամ գործընկերները ցանկանում են լսել բոլորովին տարբեր տեղեկատվություն:

«Ամենից առաջ պետք է հասկանալ, թե հստակ ում եք ներկայացնում նախագիծը: Եվ արդեն ելնելով դրանից՝ կառուցել սեփական ներկայացումը»,- բացատրում է մասնագետը:

Ոչ պակաս կարևոր է նախապես որոշել ելույթի նպատակը: Ի՞նչ պետք է տեղի ունենա ներկայացման ավարտից հետո: Պետք է ստանալ ներդրումնե՞ր: Գտնել առաջին հաճախորդնե՞րին: Ծանոթանալ պոտենցիալ աշխատակիցների՞ հետ: Հենց այս հարցի պատասխանն է որոշում ողջ ելույթի բովանդակությունը:

Ստարտափների մեծ մասը ներկայացումները չափազանց բարդ է ձևավորում

Կորեդորի խոսքով՝ ամենատարածված սխալներից մեկը ծանրաբեռնված ներկայացումներն են: Շատ թիմեր փորձում են տեղավորել տասնյակ սլայդներ և հսկայական քանակությամբ մանրամասներ, թեև մի քանի րոպեում լսարանը պարզապես չի հասցնում ընկալել տեղեկատվության նման ծավալը:

«Որոշ ստարտափներ ունեն քառասունական սլայդ: Չափազանց շատ մանրամասներ, չափազանց շատ տեղեկատվություն: Այս ամենը պետք է պարզեցնել»:

Կորեդորը խորհուրդ է տալիս ներկայացումը կառուցել մոտ տասը սլայդից, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է միայն մեկ գաղափարի համար: Սկզբում անհրաժեշտ է բացատրել խնդիրը, որը լուծում է ստարտափը: Այնուհետև ցույց տալ բուն լուծումը: Դրանից հետո պատմել շուկայի մասին՝ ովքեր են պոտենցիալ հաճախորդները և որքան մեծ է այդ շուկան:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում թիմին: Ինչու՞ են հենց այս մարդիկ ընդունակ իրականացնելու նախագիծը: Ունե՞ն արդյոք նրանք անհրաժեշտ փորձը: Բախվե՞լ են արդյոք նրանք ինքնուրույն այն խնդրին, որը պատրաստվում են լուծել:

Նման մոտեցումը թույլ է տալիս լսարանին հեշտությամբ հետևել պատմության տրամաբանությանը՝ չկորչելով մանրուքների մեջ, վստահ է Կորեդորը:

Ներկայացման գլխավոր տարրը ամենևին էլ սլայդները չեն

Չնայած կառուցվածքի կարևորությանը՝ Կորեդորը ընդգծում է. ներկայացումը գեղեցիկ պատկերազարդումների հավաքածու չէ, որովհետև տեղեկատվության գլխավոր աղբյուրը հենց ելույթ ունեցողն է:

«Սլայդները պետք է լինեն միայն աջակցություն: Լսարանի հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացած լինի պատմությունը պատմող մարդու վրա»:

Ուստի ձեռնարկատերերին խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ոչ միայն բովանդակությանը, այլև բուն ելույթին և ելույթ ունեցողին: Արժե չխոսել չափազանց արագ: Կարևոր է անել դադարներ, որպեսզի լսարանը հասցնի իմաստավորել լսածը: Ոչ պակաս կարևոր են ելևէջումը (ինտոնացիան) և խոսքի ռիթմը. ձայնի փոփոխությունը օգնում է պահել ուշադրությունը և փոխանցել էմոցիաներ, իսկ հայացքի կոնտակտը լսարանի հետ ելույթը դարձնում է ավելի համոզիչ:

Բացի այդ, Կորեդորի խոսքով, ելույթ ունեցողին խորհուրդ են տալիս ազատ շարժվել բեմում և զգալ վստահ, այլ ոչ թե անշարժ կանգնել մեկ տեղում: Եվ հիշել գլխավորը. նույնիսկ ամենաուժեղ գաղափարները կարող են մնալ աննկատ, եթե ձեռնարկատերը չկարողանա հստակ և համոզիչ պատմել դրանց մասին:

Seaside Startup Summit Armenia 2026

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Սևանա լճի ափին մեկնարկել է Seaside Startup Summit Armenia 2026 միջազգային տեխնոլոգիական և ձեռնարկատիրական ֆորումը, որը կտևի մինչև օգոստոսի 1-ը:

Միջոցառումը կազմակերպվել է Startup Armenia կրթական հիմնադրամի կողմից՝ Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ:

Կազմակերպիչների տվյալներով՝ գագաթնաժողովին (սամմիթին) մասնակցում են ստարտափների, ներդրողների, վենչուրային ֆոնդերի, տեխնոլոգիական ընկերությունների, մենթորների և փորձագետների ավելի քան 2 հազար ներկայացուցիչներ մոտ 50 երկրներից: Ֆորումն ավանդաբար անցկացվում է Sevan Festival City-ի տարածքում բաց տեխնոլոգիական ճամբարի ձևաչափով, որտեղ մասնակիցները ոչ միայն ներկայացնում են նախագծերը, այլև քննարկում են նորարարական էկոհամակարգի զարգացման հեռանկարները:

Ֆորումի ծրագրում ընդգրկվել են միանգամից մի քանի մասնագիտացված միջոցառումներ՝ նվիրված տեխնոլոգիական զարգացման տարբեր ուղղություններին: Դրանց թվում են՝ World Youth Environment Festival, Sevan AgriTech Summit, WineTech Innovation Summit, Cyber Insurance Summit, Mining Innovation Summit և Sevan EV Rally: Յուրաքանչյուր հարթակ կենտրոնացած է առանձին ուղղությունների վրա՝ ագրոտեխնոլոգիաներից, էկոլոգիական լուծումներից և գինեգործական արդյունաբերությունից մինչև կիբեռապահովագրություն, հանքարդյունաբերության ոլորտում նորարարություններ և էլեկտրատրանսպորտի զարգացում:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում