Նախատիպից մինչև արտահանում. հայկական ռազմաարդյունաբերության գլխավոր արգելքները

4 հունիսի, 2026  22:49

Ինովացիոն մշակումներից անցումը սերիական արտադրության և միջազգային շուկաներ դուրս գալը մնում է ամենաբարդ փուլերից մեկը հայկական ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների համար։ Այս մասին, ելույթ ունենալով հայկական առաջին ռազմաարդյունաբերական, նորարարական և ինժեներական RISE-2026 ցուցահանդեսի շրջանակներում, հայտարարել է Առաջադեմ տեխնոլոգիաների խմբի (ATG) տնօրեն Գեղամ Վարդանյանը (ֆոտոռեպորտաժ

Վարդանյանի խոսքով՝ ինժեներներ և ինովացիոն բազմաթիվ թիմեր հաջողությամբ ստեղծում են նախատիպեր, սակայն արտադրության հետագա ընդլայնումը բախվում է լուրջ համակարգային դժվարությունների։

«Եթե դու ինժեներ ես և ստեղծում ես ինչ-որ նոր բան, դու միշտ ցանկանում ես կատարելագործել արտադրանքը։ Բայց ինչ-որ պահի պետք է կանգ առնել և անցնել արտադրությանը։ Դա բոլորովին այլ աշխարհ է»,- նշել է նա։

Երեք գլխավոր արգելքները

Վարդանյանն առանձնացրել է երեք առանցքային խնդիրներ, որոնք խանգարում են հայկական պաշտպանական ընկերություններին դուրս գալ արդյունաբերական մակարդակի՝ սպառման շուկաներ, ֆինանսավորում և ենթակառուցվածքներ։

«Ենթակառուցվածքը շատ լայն հասկացություն է՝ սկսած մատակարարման շղթաներից և վերջացրած որակյալ մասնագետների ու արտադրական տարածքների առկայությամբ։ Նույնիսկ տարածքները հաճախ խնդիր են դառնում»,- հայտարարել է Վարդանյանը։ Նա ընդգծել է, որ ինովացիոն ընկերությունից արտադրական ընկերության անցումը լուրջ և ցավոտ գործընթաց է, որը համեմատելի է «պատանեկությունից հասուն կյանքին» անցնելու հետ։

Հատուկ ուշադրություն Վարդանյանը դարձրել է շուկաներին։ Նրա գնահատմամբ՝ ռազմական արտադրանքի վաճառքը միջինում տևում է 5-ից 7 տարվա լարված աշխատանք։ Լավագույն դեպքերում՝ նվազագույնը 3 տարի։ «Դա մեծ ռեսուրսներ է պահանջում։ Նման տևական աշխատանքին պետք է պատրաստ լինել նախապես»,- զգուշացրել է նա։

Ինչ է պետք անել

Վարդանյանը կարծում է, որ այս արգելքները հաղթահարելու համար հայկական ռազմաարդյունաբերությունը պետք է կենտրոնանա մի քանի ռազմավարական խնդիրների վրա։

Նախևառաջ, նրա կարծիքով, կարևոր է պետության հետ համատեղ զբաղվել հայկական ռազմաարդյունաբերության ուժեղ ազգային բրենդի ստեղծմամբ։ Դա մեծ մարքեթինգային և իմիջային աշխատանք է, որը կօգնի ճիշտ դիրքավորել երկիրը միջազգային ասպարեզում։

Երկրորդ՝ պահանջվում է զգալիորեն ավելի սերտ փոխգործակցություն ընկերությունների և պետության միջև, հատկապես առաջխաղացման և ուղղակի վաճառքների հարցերում։ Վարդանյանը հիշեցրել է, որ սպառազինություն հաջողությամբ վաճառող երկրների մեծ մասում գործարքները կնքվում են պետությունների ղեկավարների մակարդակով։

Եվ վերջապես, անհրաժեշտ է հստակորեն որոշել առաջնահերթ շուկաները՝ որտեղ կարելի է աշխատել հարաբերականորեն ազատ, և որտեղ պետք է դրսևորել առավելագույն զգուշավորություն։

«Շուկաները բարդ և համալիր խնդիր են։ Բայց եթե մենք նախապես աշխատանք տանենք բրենդինգի ուղղությամբ և մշակենք ընդհանուր ռազմավարություն, պետության համար շատ ավելի հեշտ կլինի առաջ մղել մեր արտադրանքը բարձրագույն մակարդակով»,- եզրափակել է Վարդանյանը։

Հիշեցնենք, որ միջոցառման ինֆորմացիոն գործընկերը NEWS.am Tech-ն է։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում